211652_close_icon
views-count1345 դիտում article-date 18:23 10-05-2019

Վահե Էնֆիաջյանն ընդունել է Ավստրիայից ժամանած խորհրդարանական պատվիրակությանը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը մայիսի 10-ին ընդունել է Ավստրիայի Ազգային խորհրդի Ավստրիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Գուդրուն Քուգլերի գլխավորած պատվիրակությանը: ԱԺ փոխնախագահը, ողջունելով հյուրերի այցը Հայաստան, այն կարեւորել է հայ-ավստրիական ավանդական բարեկամական կապերն ամրապնդելու, ինչպես նաեւ միջխորհրդարանական համագործակցությունը խթանելու առումով: Վահե Էնֆիաջյանի խոսքով՝ Հայաստան-Ավստրիա պատգամավորական բարեկամական խումբն իր հերթին պատրաստ է առաջիկայում առավել խորացված փոխգործակցություն ծավալելու: ԱԺ փոխխոսնակն ընդգծել է, որ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո առանձնակի կարեւորվում է խորհրդարանական դիվանագիտության գործիքի կիրառումն արտաքին հարաբերություններում եւ ամենատարբեր ոլորտներում նոր ծրագրեր իրականացնելու հարցում: Նշելով, որ սա Ավստրիա-Հայաստան բարեկամական խմբի առաջին այցն է Հայաստան՝ Գուդրուն Քուգլերը պատրաստակամություն է հայտնել նպաստելու երկկողմ կապերի խորացմանն ու զարգացմանը: Վահե Էնֆիաջյանը երախտագիտություն է հայտնել պատվիրակության կազմում ընդգրկված խորհրդարանական Ռայնհոլդ Լոպատկային՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող հայտարարության ընդունման գործում անձնական ներդրման եւ հայ ժողովրդի համար առանցքային նշանակության այդ հարցն ամենատարբեր հարթակներում բարձրաձայնելու համար: Անդրադարձ է կատարվել փոխայցերի աշխուժացմանը եւ փոխգործակցությանն առավել գործնական բնույթ հաղորդելու անհրաժեշտությանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր