Մայիսի 15-ից, ինչպես խոստացել էինք, լայնածավալ ճանապարհաշինարարական աշխատանքները կսկսվեն. վարչապետ
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ճանապարհաշինության ոլորտում շատ կարևոր գործընթացներ պետք է սկսվեն:
«Մայիսի 15-ից, ինչպես խոստացել էինք, հույս ունեմ՝ լայնածավալ ճանապարհաշինարարական աշխատանքները կսկսվեն և կառավարության կառուցվածքի փոփոխությունները որևէ կերպ այդ աշխատանքի վրա չպետք է ազդեն: Պայմանավորվել ենք, որ այն պատմությունը, որ ունեցել ենք Ոսկեպար-Նոյեմբերյանի հատվածում, այս տարի չպետք է ունենանք»,- ասաց նա:
Վարչապետն նկատեց, որ այս հարցում օրենսդրական փոփոխությունների կարիք կա:
«Եթե որևէ մեկը իր պայմանագրային պարտավորությունները դիտավորյալ կերպով չի կատարում, իսկ ակնհայտ է, որ որևէ մեկը անորակ ճանապարհ է կառուցում և գիտի դա, պետք է մտածել, թե պետությունը իր շահերը պաշտպանելու ինչ հավելյալ մեխանիզմներ կարող է ունենալ՝ ընդհուպ մինչ քրեական պատասխանատվություն նախատեսելը»,- ասաց Փաշինյանը։