211652_close_icon
views-count2423 դիտում article-date 19:22 09-05-2019

Առողջապահության փոխնախարարը Մալայան կենտրոնում ծանոթացել է դեղորայքային միջամտությունից հետո պացիենտների մոտ տեսողական խնդիրների դեպքին

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ՝ նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանն այցելել է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն և տեղում ծանոթացել դեղորայքային միջամտությունից հետո պացիենտների մոտ տեսողական խնդիրներ առաջանալու դեպքին: Այս մասին իր «Ֆեյսբուք»-ի էջում հայտնել է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը: «Առողջապահության նախարարությունը տեղյակ է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում տեղի ունեցած միջադեպից։ Նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ՝ տեղակալ Լևոն Հակոբյանն այցելել է կենտրոն և տեղում ծանոթացել իրավիճակին։ Վերջինս հանդիպել է պացիենտներից մեկին, խոսել է բուժող բժշկի և բաժանմունքի վարիչի հետ՝ նրանք հերքել են կուրության փաստը։ Պացիենտների մոտ ախտորոշվել է հետսրսկումային ինֆեկցիոն ախտահարում։ Վերջիններս վիրահատվել են։ Դեղորայքային միջամտություն է արվել, որից հետո պացիենտները դիմել են գանգատով։ Պարզվում է դրա պատճառահետևանքային կապերը»,-տեղեկացրել է խոսնակն ու նշել, որ հերքվել է տեսողությունը կորցնելու փաստը: Նա նաև նշել է, որ հիվանդների թիվը ոչ թե 8 է, այլ 6։ Նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն, և վերջիններիս առողջությանը վտանգ չի սպառնում։ Կենտրոն են այցելել նաև դեղերի փորձագիտական կենտրոնի և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի փորձագետները՝ պարզելու մանրմասները։ Հանձնարվել է օպերատիվ կերպով ներկայացնել արդյունքները, միաժամանակ կենտրոնից պահանջվել է զեկուցագիր՝ տեղի ունեցածի վերաբերյալ։ Լրատվամիջոցներում տեղ գտած լուրերի համաձայն՝ օրեր առաջ կենտրոնում թվով 8 հիվանդի դեղ ներարկելուց հետո նրանք «գրեթե կուրացել են»:

Նմանատիպ նյութեր