211652_close_icon
views-count1527 դիտում article-date 23:40 07-05-2019

Հայաստանի և Իսպանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցություններ են անցկացվել

Մայիսի 7-ին Երևանում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և Իսպանիայի Թագավորության արտաքին գործերի, Եվրոպական Միության և համագործակցության նախարարությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, իսպանականը՝ Իսպանիայի Թագավորության արտաքին գործերի պետքարտուղար Ֆերնանդո Վալենսուելան (Fernando Valenzuela): Խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցները քննարկեցին հայ-իսպանական երկկողմ քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակ, մտքեր փոխանակեցին առևտրատնտեսական, գիտակրթական և այլ ոլորտներում համագործակցության հետագա խորացման հեռանկարների վերաբերյալ: Անդրադառնալով ՀՀ-ԵՄ համագործակցության ներկա փուլին և զարգացման հեռանկարներին՝ հայկական կողմը ներկայացրեց ՀՀ կառավարության կողմից կազմված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և կարևորեց Իսպանիայի կողմից համաձայնագրի շուտափույթ վավերացումը: Կողմերը քննարկեցին նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը, ինչպես նաև՝ այդ գործընթացում ԵՄ անդամ երկրների աջակցությունը: Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ: Կարևորվեց նաև բազմակողմ ձևաչափով միջազգային կառույցներում երկու բարեկամ երկրների միջև փոխգործակցությունը: Իսպանական պատվիրակությանն ընդունեց նաև ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, ով հյուրերի խնդրանքով ներկայացրեց ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը միտված ջանքերը և բանակցային գործընթացի ներկա փուլը: Անդրադարձ կատարվեց նաև ԵՄ շրջանակներում Իսպանիայի հետ համագործակցությանը:

Նմանատիպ նյութեր