211652_close_icon
views-count1564 դիտում article-date 22:46 06-05-2019

Հայ եւ չեխ խորհրդարանականները կարեւորել են համատեղ ծրագրերի իրականացումը

ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Գայանե Աբրահամյանը, անդամներ Վահագն Հովակիմյանը, Վիկտոր Ենգիբարյանը եւ Կորյուն Մկրտչյանը մայիսի 6-ին հանդիպել են Չեխիայի խորհրդարանի Սենատի փոխնախագահ Միլան Շտեխի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին՝ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավարը խոսել է երկու երկրների պատմական նմանությունների մասին, կարեւորել բարեկամական խմբերի համագործակցության հետագա խորացումը՝ որպես խորհրդարանական դիվանագիտության հարթակ: Անդրադառնալով Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործընթացին՝ նա արժեւորել է այս հարցում Չեխիայի հարուստ փորձի ուսումնասիրումը: Միլան Շտեխը նշել է, որ Չեխիայի խորհրդարանի Սենատում չկան բարեկամական խմբեր, սակայն Սենատը համագործակցում է Պատգամավորների պալատում գործող բարեկամական խմբերի, այդ թվում Չեխիա-Հայաստան խմբի հետ: Սենատի փոխնախագահը տեղեկացրել է, որ Չեխիայում վերջին 30 տարում տարբեր ոլորտներում իրականացվել են բարեփոխումներ, այժմ իրենց երկիրն արագ զարգացողների շարքում է ու կարիք ունի որակյալ մասնագետների: Հայ եւ չեխ խորհրդարանականները խոսել են մի շարք ոլորտներում համագործակցությունից, համատեղ ծրագրերի իրականացումից: Միլան Շտեխը նշել է, որ Չեխիան՝ որպես ԵՄ անդամ երկիր, կարող է աջակցել Հայաստանի համար կարեւոր նշանակություն ունեցող բնագավառների զարգացմանը: Գայանե Աբրահամյանն անդրադարձել է նաեւ հարկային օրենսդրության փոփոխությանը՝ ուղղված ներդրումների ներգրավման ավելի պարզ ընթացակարգերի սահմանմանը: Սենատի փոխնախագահն ընդգծել է, որ չեխ գործարարները հետաքրքրված են Հայաստանով, ինչն իր հերթին խթան կհանդիսանա նոր աշխատատեղերի ստեղծմանը:

Նմանատիպ նյութեր