211652_close_icon
views-count1533 դիտում article-date 21:00 03-05-2019

Հակոբ Արշակյանը եւ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել են հայկական ծագմամբ շուրջ 60 տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչների

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը և ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը «Ինժեներական քաղաքում» մայիսի 3-ին հանդիպել են հայկական ծագմամբ բարձր տեխնոլոգիական արտադրության շուրջ 60 ընկերությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման հիմնական թեման վերաբերում էր դեպի միջազգային շուկաներ բարձր տեխնոլոգիական արտադրության արտահանմանը, միջազգային հարթակում համագործակցության արդյունավետ գործիքների մշակմանը, նպատակների և ոլորտների հստակեցմանը, միջազգային շուկա մուտք գործելու իրավական ընթացակարգերին և մի շարք այլ հարցերի: Հակոբ Արշակյանը հատկանշական է համարել, որ հանդիպումը տեղի է ունենում «Ինժեներական քաղաք»-ի տարածքում, քանի որ այս տարի ամռանն այստեղ սկսվելու է «Ինժեներական քաղաք»-ի շինարարությունը, որը հնարավորություն կտա մեկտեղել տեխնոլոգիական ներուժը: Արդյունքում ընկերությունները հնարավորություն կունենան ավելի սերտ համագործակցելու, ինչպես նաև օգտագործելու բարձր տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ կառավարության ընձեռած հնարավորությունները։ Նախարարը նշել է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտը ՀՀ կառավարության հիմնական առաջնահերթությունն է: Առաջիկայում ստեղծվում է նոր՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, որը պատասխանատվություն է ստանձնելու երեք ուղղությամբ։ Առաջինը ռազմարդյունաբերության զարգացումն է՝ գիտահետազոտական նախագծերից մինչև արտադրություն, արտաքին համագործակցություն։ Հաջորդը ինժեներական և ստարտափ էկոհամակարգի զարգացումն է։ Կարևոր ուղղություններից է նաև թվայնացումը, որի շնորհիվ մատուցվող ծառայություններն ավելի հասանելի կդառնան քաղաքացիների համար, տեխնոլոգիաներն էլ, որոնք արտադրվում են Հայաստանում, կօգտագործվեն կառավարության համար։ Խոսելով անցկացվող հանդիպման նպատակի մասին՝ նախարարը նշել է, որ պետք է հստակ ձևակերպվի տեխնոլոգիական համայնքի պահանջարկը՝ ի՞նչ գործիքակազմով է հնարավոր միջազգային համագործակցության հարթակներ դուրս գալ, հասկանալ՝ ո՞րն է արդյունավետ համագործակցությունը և առաջ գնալ։ Անդրադառնալով եղած հնարավորություններին և ներուժին՝ նախարարն ընդգծել է, որ տեխնոլոգիական աշխարհում այլևս սահմանները ջնջված են, և համագործակցության արդյունքում է, որ լայնամասշտաբ խնդիրներ են լուծվում։ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն էլ ընդգծել է, որ նորարարությունների, բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման օրակարգը Հայաստանի արտաքին քաղաքական գերակայություններից է։ Նրա խոսքով՝ երկկողմ և բազմակողմ ձևաչափերում առկա են բազմաթիվ հնարավորություններ ձևավորելու համապատասխան հարթակներ՝ տեխնոլոգիական ոլորտի մասնավոր ընկերությունների կարողությունները մեր միջազգային գործընկերներին ներկայացնելու և համագործակցության նոր հեռանկարներ ուղենշելու համար։ Զոհրաբ Մնացականյանը նաև շեշտել է, որ տեխնոլոգիական ոլորտի մասնավոր հատվածը բավական կազմակերպված ու համախմբված է, կարող է հանդես գալ միասնական մոտեցումներով՝ հնարավորություն տալով հստակեցնելու մեր ընդհանուր նպատակները։ Հանդիպման ընթացքում ծավալված ակտիվ քննարկման ընթացքում բարձրացվել են մի շարք խնդիրներ, որոնց տրվել են պարզաբանումներ, մի շարք հարցերի շուրջ հստակեցվել են մոտեցումները, արդյունավետ գործունեության հնարավորությունները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նման հանդիպումները շարունակական բնույթ կունենան։

Նմանատիպ նյութեր