211652_close_icon
views-count1600 դիտում article-date 23:10 02-05-2019

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների պետնախարար Ահմեդ Ալի Ալ-Սայեղի հետ

Մայիսի 2-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հայ-էմիրաթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ, Արաբական Միացյալ Էմիրությունների պետնախարար Ահմեդ Ալի Ալ-Սայեղին: Ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանն ընդգծեց, որ վերջին շրջանում հայ-էմիրաթական հարաբերություններում արձանագրված դինամիկան, առկա բարձր քաղաքական երկխոսությունը և պարբերական բարձրաստիճան փոխայցելությունները ամուր հիմք են հանդիսանում երկու բարեկամ երկրների միջև ձևավորված բազմաոլորտ համագործակցության առավել զարգացման համար: ԱԳ նախարար Մնացականյանը համոզմունք հայտնեց, որ երկկողմ օրակարգի ընդլայնման ուղղությամբ գործադրվող ջանքերը հնարավորություն են ընձեռում շոշափելի արդյունքներ գրանցել նաև համագործակցության այլ ոլորտներում: Զրուցակիցները համակարծիք էին, որ այսօր մեկնարկած հայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստի անցկացումը նոր լիցք կհաղորդի երկկողմ տնտեսական հարաբերությունների առավել ամրապնդմանը: Որպես համագործակցության առաջնային ուղղություններ առանձնացվեցին ֆինանսական, առևտրա-տնտեսական, սննդի ապահովության և գիտակրթական ոլորտները: Երկուստեք կարևորվեց նաև բիզնես ոլորտի ներկայացուցիչների միջև կապերի ամրապնդման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր զրուցակցին ներկայացրեց կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների լայն օրակարգը, որի առանցքը նորարարության և տեխնոլոգիական առաջընթացի վրա հիմնված տնտեսության խթանման համար բարենպաստ միջավայրի ձևավորումն է: Երկուստեք պատրաստակամություն հայտնվեց գործնական քայլեր ձեռնարկելու բարձր տեխնոլոգիաների և ստեղծագործ կրթության ոլորտներում համագործակցության ակտիվացման ուղղությամբ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր