Մայիսը լինելու է ծրագրերի մեկնարկի, աշխատանքային իրավունքների մասին հանրային քննարկումների ամիս. Բաթոյան
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել` շնորհավորելով Աշխատանքի օրը։
«Գիտեմ, որ բազմաթիվ մարդիկ աշխատանքի, աշխատանքային իրավունքների պաշտպանության, արժանապատիվ վարձատրության եւ աշխատելու համար հավասար հնարավորությունների կարիք ունեն Հայաստանում։ Այս խնդիրների լուծումը մեր օրակարգում է։ Մայիսը մեզ համար լինելու է ծրագրերի մեկնարկի, աշխատանքային իրավունքների մասին հանրային քննարկումների եւ դրանց արդյունքում օրենսդրական առաջարկներ մշակելու ամիս։
Մենք պետք է հատուկ ուշադրություն դարձնենք մարդկանց կարողությունների զարգացմանը, նրանց համար ապահով միջավայրի ստեղծմանը եւ իրավունքների մասին իրազեկության բարձրացմանը։ Հատկապես կարեւորում ենք արհմիությունների դերի բարձրացումը, նոր միավորումների ստեղծումը եւ դրանց անկախ գործունեության ապահովումը մեր երկրում։
Ես հավատում եմ, որ աշխատանքը Հայաստանում պետք է դառնա ոչ միայն արժանապատիվ ապրելու միջոց, այլ նաեւ ինքնդրսեւորման, զարգացման, ազատ եւ երջանիկ ապրելու հնարավորություն»,-նշել է նա: