211652_close_icon
views-count2021 դիտում article-date 23:30 30-04-2019

Կենդանաբանական այգում բիզնեսի համար տարածքները վարձակալությամբ կտրամադրվեն մրցույթով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մայիսի 1-ից կմեկնարկի Երևանի կենդանաբանական այգու հերթական տարեշրջանը: Այցելուները, սակայն, դեռ որոշ ժամանակ չեն կարողանա օգտվել այգու մուտքի մոտ տեղադրված խաղային ատրակցիոններից: Փակ կլինեն նաև սրճարաններն ու հանրային սննդի մյուս կետերը: Պատճառը հինգ տնտեսվարողների հետ վեցամսյա պայմանագրերն են, որոնց ժամկետները լրացել են: Ապրիլի 25-ին տնտեսվարողներին ուղարկվել են գրավոր ծանուցումներ, որպեսզի նրանք իրենց պատկանող գույքը հեռացնեն այգու տարածքից: Տնտեսվարողները, սակայն, հրաժարվում են կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունները: Տնտեսվարողներին հանդիպելուց հետո այգի է այցելել Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը: Տեղում ծանոթանալով խնդրին՝ փոխքաղաքապետն ընդգծում է՝ այն պետք է լուծվի միայն իրավական հարթությունում: Տիգրան Վիրաբյանը նաև շեշտում է՝ գործընթացի նպատակն է պաշտպանել երկարաժամկետ գործարար ծրագրերն ու տնտեսվարողների շահերը: «Մենք բանավոր պայմանավորվածություններ չենք ունեցել, չունենք և չենք ունենալու: Որևէ ձեռնարկատեր իրավունք չունի շարունակել գործունեություն իրականացնելը, եթե պայմանագրի ժամկետը լրացել է: Քաղաքապետարանը կհայտարարի մրցույթ, և այն մարդիկ, որոնք կմասնակցեն և կառաջարկեն ամենահարմար պայմանները քաղաքի և կենդանաբանական այգու համար, նրանք էլ իրավունք կունենան տնտեսվարելու: Մրցույթին ազատորեն մասնակցելու իրավունք ունեն նաև այն տնտեսվարողները, որոնք նախկինում այստեղ գործունեություն են ծավալել»,-ընդգծեց Տիգրան Վիրաբյանը: «Բարի կամք դրսևորելով՝ բազմիցս բանավոր խնդրել ենք և հիմնավորել, որ Կենդանաբանական այգու տարածքը ենթակա է քաղաքապետարանին և մենք չունենք որևէ փաստաթուղթ կամ թույլտվություն այստեղ երկարաժամկետ գործունեություն թույլատրելու համար: Սակայն տնտեսվարողներն ասում են, որ ամեն ինչ անելու են, որպեսզի պայմանագրի ժամկետը երկարաձգվի»,-նշել է այգու իրավաբան Քրիստինե Ղասումյանը: Որոշ տնտեսվարողներ ոչ միայն հրաժարվում են իրենց պարտավորությունները կատարելուց, այլև փորձում են խոսել սպառնալիքների լեզվով: «Բնականաբար, ամենակոշտ արձագանքը կստանան այն մարդիկ, որոնք փորձում են խոսել սպառնալիքի, այլ ոչ թե օրենքի լեզվով: Երբ մարդուն առաջարկում են 6-ամսյա պայմանագիր, նա չի կարող լուրջ ներդրումներ կատարել և ստիպված է առանց սանիտարահիգիենիկ նորմերը պահպանելու նման կետերից վաճառք կազմակերպել: Մենք ստեղծել ենք բոլոր օրինական ճանապարհները և իրավական հիմքերը, որպեսզի մրցակցային պայմաններ ստեղծենք և մարդիկ իրավունք ունենան երկարաժամկետ ներդրումային ծրագրերի առաջարկներ ներկայացնել»,-նշել է Տիգրան Վիրաբյանը: Կենդանաբանական այգում տնտեսական գործունեություն ծավալելու համար մրցութային փաթեթներն այժմ մշակվում են: Պատրաստ լինելուն պես դրանք կհրապարակվեն, և բոլոր ցանկացողները կկարողանան մասնակցել այգու տարածքների վարձակալության մրցույթներին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր