211652_close_icon
views-count2622 դիտում article-date 10:37 27-04-2019

Նիկոլ Փաշինյանը մինչև հեղափոխությունը գրանցված 28․000 աշխատատեղերը վերագրում է իր իշխանությանը․ «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Աշխատատեղերի ավելացման վերաբերյալ իր արած հայտարարությունների շուրջ խոսակցությունները, պարզվում է՝ հանգիստ չեն տալիս Նիկոլ Փաշինյանին։ Մինչ նա հպարտանում է՝ հայտարարելով, որ հեղափոխությունից հետո Հայաստանում 50 հազար աշխատատեղ է բացվել կամ այդքան աշխատող դուրս է եկել ստվերից, հասարակությունը, միևնույն է՝ հավատում ու բազմաթիվ հարցապնդումներ է անում։ Եվ հիմա, ըստ էության, վարչապետն ամեն կերպ փորձում է հիմնավորումներ գտնել, թեև խնդիրը ոչ թե հիմնավորումների, այլ վարչապետի մեկնաբանությունների մեջ է։ Խոսելով այն մասին, թե անցած տարվա հունվարից մինչև այս տարվա հունվար ինչքան աշխատատեղ է ավելացել Հայաստանում` Նիկոլ Փաշինյանը մեկ շատ կարևոր հանգամանք թաքցնում է. աշխատատեղերի ավելացումը վերագրելով հեղափոխությանը` վարչապետը մոռանում է, որ անցած տարվա հունվարին Հայաստանում նույնիսկ հեղափոխության նշույլը չկար։ Ուստի տեղին չէ հունվարից մինչև մայիս գրանցված նոր աշխատատեղերը, որոնք շատ ավելին են, քան իշխանափոխությունից հետո ավելացածները, վերագրել հեղափոխությանը, առավել ևս՝ դա համարել հեղափոխության հաջողությունը։ «Հեղափոխությունից հետո Հայաստանում աշխատատեղերի թիվն ավելացել է 50 հազար 141-ով,- ասում է Նիկոլ Փաշինյանը և բերում անցած տարվա հունվարից մինչև այս տարվա հունվարը գրանցված աշխատողների ցուցանիշները,- 2019թ. հունվարին Հայաստանում արձանագրված է 562 հազար 043 աշխատատեղ, 2018թ.` 511 հազար 902-ի դ իմաց»։ Ոչինչ, որ վարչապետի բերած թվերը, ինչպես շատ հաճախ լինում է, չեն համընկնում Վիճակագրական ծառայության հրապարակած թվերի հետ։ Հիշեցնենք, որ պաշտոնական վիճակագրությունն այս տարվա հունվարին գրանցել է 560 հազար 586 աշխատող։ Անցած տարվա հունվարին այդ թիվը 509 հազար 934 էր։ Ուստի, երբ վարչապետը հայտարարում է, թե հնարավոր չէ, որ իրեն խաբեն և ոչ ճիշտ տվյալներ ներկայացնեն, լավ կլինի մեկ անգամ ևս պարզի իրականությունը։ «Ասում են՝ պետական այս կամ այն մարմինն ինձ ճիշտ տեղեկատվություն չի տալիս։ Եթե կա այդպիսի բան, եկեք իրար հետ բացահայտենք և համապատասխան հետևություն անենք»,- ֆեյսբուքյան իր հերթական ուղիղ եթերում այսօր հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Հիմա թող վարչապետը հետևություն անի, թե ո՞վ է ում խաբում։ Եթե Նիկոլ Փաշինյանի հրապարակած տվյալները ճիշտ են, ապա դա նշանակում է, որ Վիճակագրական ծառայությունն է ապատեղեկատվություն մատուցում հասարակությանը։ Թե ինչո՞ւ, թող պարզի վարչապետը։ Բայց դա չէ կարևորը։ Իսկապես անցած տարվա հունվարից այս տարվա հունվար գրանցված աշխատողների թիվն ավելացել է։ Սակայն այդ մասին խոսելիս լավ կլիներ, որպեսզի Նիկոլ Փաշինյանը ներկայացներ նաև աշխատատեղերի ավելացման ժամանակագրությունը։ Այդ դեպքում, իսկապես շատ բան կբացահայտվեր, որն այնքան էլ հեղափոխության օգտին չէ։ Ու քանի որ վարչապետը դա չի անում, ստիպված են մենք անել։ Այսպես` անցած տարվա հունվարին, երբ Նիկոլ Փաշինյանը դեռևս վարչապետ չէր, ըստ պաշտոնական վիճակագրության, Հայաստանում գրանցված է եղել գրեթե 510 հազար աշխատող։ Փետրվարին գրանցված աշխատողների թիվն ավելացել է 12 հազարով` գերազանցելով 522 հազարը։ Մարտին ևս, երբ Նիկոլ Փաշինյանը դեռևս չէր տվել հեղափոխության մեկնարկը, Հայաստանում աշխատատեղերի թիվն ավելացել է 11 հազարով։ Ու որքան էլ կարող է տարօրինակ լինել, բայց հեղափոխության բուռն ժամանակահատվածում, մասնավորապես՝ ապրիլին, երբ իշխանության ղեկին դեռևս Հանրապետական կուսակցության ձևավորված կառավարությունն էր, աշխատատեղերն ավելացել են ևս 15 հազարով։ 2018թ. ապրիլին Հայաստանում գրանցված է եղել 538 հազար աշխատող։ Այս թվերն իրար գումարելով՝ կստանանք, որ մինչ իշխանափոխություն, այսինքն` հունվարից ապրիլ, Հայաստանում աշխատատեղերի թիվն ավելացել է 28 հազարով։ Սա մտնում է այն 50 հազար գրանցված աշխատատեղերի մեջ, որի մասին խոսում է վարչապետը։ Հիշեցնենք, որ իշխանափոխությունը Հայաստանում տեղի է ունեցել մայիսին, իսկ Նիկոլ Փաշինյանը կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնել է մայիսի 8-ից։ Ու երբ հայտարարվում է, որ անցած տարվա հունվարից մինչև այս տարվա հունվար աշխատատեղերը 50 հազարով ավելացել են, և դա հեղափոխության արդյունքն է, փաստերի, մեղմ ասած, ճիշտ մեկնաբանություն չէ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր