1848 դիտում
22:54 25-04-2019
«Բազմաթիվ են հայ-էստոնական համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները». Արարատ Միրզոյան
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 25-ին ընդունել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կաի Կաարելսոնին (նստավայրը` Թբիլիսի):
Ողջունելով դեսպանին խորհրդարանում` օրենսդիր մարմնի ղեկավարը նշել է, որ երկու երկրների միջեւ առկա են ջերմ բարեկամական հարաբերություններ: Դրանց հետագա խորացման ու ընդլայնման առումով Արարատ Միրզոյանը կարեւորել է
միջխորհրդարանական հարաբերությունների, ինչպես նաեւ խորհրդարանական դիվանագիտության դերը: Նա տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ-ում վերջերս ձեւավորվել է Մերձբալթյան երկրների հետ պատգամավորական բարեկամական խումբը` հույս
հայտնելով, որ համանման խումբ կձեւավորվի նաեւ Էստոնիայի օրենսդիր մարմնում:
Ազգային ժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել էստոնական կողմին Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար` վստահություն արտահայտելով, որ այն էապես նոր որակ
կհաղորդի ինչպես Եվրոպական միության հետ, այնպես էլ Հայաստան-Էստոնիա համագործակցությանը:
Արարատ Միրզոյանը խորհրդանշական է համարել, որ Կաի Կաարելսոնի Երեւան ժամանումը համընկել է այն օրերի հետ, երբ հայ ժողովուրդը նշում է 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության տարելիցը, մի իրողություն, որը ճանաչվել է բազմաթիվ երկրների օրենսդիր մարմինների կողմից: Խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ Էստոնիան եւս
կհամալրի այդ երկրների շարքը:
Իր հերթին ՀՀ-ում Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպանը եւս կարեւորել է միջխորհրդարանական կապերի ակտիվացումը, պատգամավորական շփումները, փորձի եւ տեղեկատվական փոխանակումները:
Դեսպանը վստահություն է հայտնել, որ Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նոր հեռանկարներ կբացի երկու երկրների միջեւ գործակցության համար:
Կողմերն անդրադարձել են այն ուղղություններին, որոնք առաջիկայում կարող են լինել համագործակցության օրակարգում` խորհրդարանական կառավարման համակարգի փորձառություն, իշխանության մարմինների գործունեության էլեկտրոնային կառավարման եղանակ, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ այլ ոլորտներում փոխգործակցությանն առնչվող հարցեր:
«Բազմաթիվ են հայ-էստոնական համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները»,-նշել է Արարատ Միրզոյանը:
Նմանատիպ նյութեր
1511 դիտում
18:37 27-10-2021
Քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայ-լիտվական համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները
4099 դիտում
22:49 13-09-2017
Հայ-չեխական տնտեսական համագործակցությունն ընդլայնելու մեծ դաշտ կա. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրւմների նախարար