ՍԴ-ն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ հոկտեմբերի 2-ին ընդունված փոթորկահույզ օրենքը սահմանադրական է․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ ՍԴ-ն երեկ Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել «ԱԺ կանոնակարգ» օրենքի՝ 2018թ. հոկտեմբերի 2-ին ընդունված աղմկահարույց փոփոխությունները: Այս որոշումն, ի դեպ, միանգամայն սպասելի էր գոնե մեզ համար. «Ժողովուրդ» օրաթերթը դեռ ամիսներ առաջ էր գրել, որ ՍԴ-ում մտադրված են օրենսդրական փոփոխությունները ճանաչել սահմանադրական:
Ավելին՝ տեւական ժամանակ ՍԴ-ում այս հարցի քննարկումները հետաձգվում էին համապատասխան հիմնավորումներ գտնելու եւ մշակելու համար: Միայն թե հիշում եք` այս օրինագծի ընդունումը ժամանակին ինչպես փոթորկեց քաղաքական դաշտը` դառնալով դրամատիկ իրադարձությունների պատճառ:
Ըստ օրինագծի` եթե ԱԺ նիստը շարունակելու խոչընդոտ կա, ԱԺ նիստը պետք է ընդհատվի, ոչ թե համարվի չկայացած: Կարծիք կար, որ դրանով այն ժամանակ ԱԺ մեծամասնությունը տեսականորեն փորձում էր խոչընդոտել վարչապետի հրաժարականից հետո ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման գործընթացը։
Երբ պարզ դարձավ, որ ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ խմբակցություններն արտահերթ նիստում կողմ էին քվեարկելու այս նախագծին, վարչապետ Փաշինյանի կոչով ԱԺ-ի մոտ հավաքվեց մի հսկա բազմություն` շրջափակելով օրենսդիր մարմինն ու «գերեվարելով» պատգամավորներին: Այս նախագծին կողմ քվեարկելու համար Փաշինյանը իշխանությունից «վտարեց» ԲՀԿ-ին ու ՀՅԴ-ին: Հենց ԱԺ-ի մոտ հավաքված բազմության մոտ վարչապետը ստորագրեց այդ կուսակցությունների քվոտայով նախարար նշանակված անձանց ազատելու մասին ՀՀ նախագահին ուղղված առաջարկը:
Եվ, ըստ էության, հենց այս նախագծի ընդունումն արագացրեց նախորդ խորհրդարանի վաղաժամկետ արձակումն ու ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]