1681 դիտում
17:51 19-04-2019
Վերևից թռչուններն են երգում, ներքևում՝ երեխաները. այդպիսով մի երգ՝ նվիրված Երևանին. Տիգրան Մանսուրյան
Տիգրան Մանսուրյանի «Երևան» նոր ստեղծագործությունը գրված է հատուկ «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համար: Հենց այս սենյակում են հնչել երաժշտության առաջին նոտարներն ու գարնանային երեկոները լուսավորել մանսուրյանական ներշնչանքով:
«Ինձնից շատ ժամանակ չի պահանջվել որպեսզի գոյանա այս երգը: Մտքում անվերջ ունեի երեխաների զրնգուն ձայները և հատկապես բնության մեջ, կանաչ տարածքում, վերևից թռչուններն են երգում, ներքևում՝ երեխաները: Այդպիսով մի երգ՝ նվիրված Երևանին»,- ընդգծում է ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:
Պատանեկան սիմֆոնիկ նվագախումբ ունենալու գաղափարը մաեստրոն համարում է մշակութային կարևոր քայլ և յուրօրինակ մկրտություն, որ ստանձնել է Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչությունը:
«Իմ պարտքը համարեցի միանալ քաղաքի նոր իրադրությանը և լինել երիտասարդների կողքին»,-ասում է Տիգրան Մանսուրյանը:
Վերջին շտկումները, մակագրում և ժամանակն է շարժվելու: Առջևում մաեստրոյի, նվագախմբի ու «Երևան» ստեղծագործության առաջին հանդիպումն է:
Անհանգիստ են նաև երեխաները: Մաեստրոն արդեն դահլիճում է, տեղավորվում է ետևի շարքերում: Բայց սա՝ միայն առաջին րոպեներին:
Նվագախմբի կազմում Երևանի երաժշտական և արվեստի 25 դպրոցների 8-16 տարեկան 120 սաներ են: Մեծ է նաև երգչախումբը. շուրջ 300 հոգանոց մանկապատենական ստեղծագործական կոլեկտիվի երկացանկում կհնչեն բացառապես հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ, այդ թվում՝ Կոմիտասի Պատարագից «Սուրբ, Սուրբ» հատվածը, «Հայաստանը», էդգար Հովհաննիսյանի «էրեբունի -Երևանը», նաև Միրզոյանի «Շուշանիկ», Անուշավան Տեր Ղևոնդյանի «Ախթամար»-ն ու Մանսուրյանի կինոմեղեդիներ:
«Ցանկացած ստեղծագործողի, առավել ևս պատանիների համար երևի թե երազանքի նման է, երբ իր փորձին ներկա է լինում անձամբ Մանսուրյանը: Կարծում եմ, այս օրը դեռ երկար կմնա նրանց հիշողությունում»,- նկատում է Տիգրան Վիրաբյանը:
Պատանեկան նվագախումբ ունենալու փորձեր քաղաքապետարանն արել է: Սակայն այս ծրագրի շնորհիվ Երևանը կունենա մշտական նվագախումբ, որի ծախսերը կհոգա համայնքը:
«Որդեգրել ենք մի քաղաքականություն. զատել լավագույններին և նրանց համար նոր հնարավորություններ ստեղծել: Այս առումով՝ ծրագիրը նաև ուսուցողական բնույթ է կրում, որպեսզի սերնդափոխության ժամանակ կրտսերները ձգտեն լինել լավագույններից և ընդգրկվեն այս կոլեկտիվի կազմում»,- նշում է Տիգրան Վիրաբյանը:
Հնչում է երկար սպասված «Երևանը» ստեղծագործությունը: Խոսքերի հեղինակը Կարեն Անտաշյանն է:
«Մանսուրյանի նոր ստեղծագործությունը, որը նվիրել է մեզ, մեծ պատիվ է: Մաեստրոն սիրում է եթերային գույներ, և շատ համապատասխանում է այս գործիքավորումը. Միայն լարայիններ, ֆլեյտաներ և կլառնետ: Զգում ես, որ մարդն ապրել է այս ստեղծագործությունը և մի տեսակ ոչ երկրային բան կա»,-նշում է Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի, նաև պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր Հարություն Արզումանյանը:
«Երեխաները պրոֆեսիոնալներ են ու գիտեն իրենց աշխատանքի ամբողջ էությունը: Պետք է աշխատենք, կատարելագործենք, գեղարվեստական մարմին տանք: Երբ լսում էի, գիտեի ու զգում էի, որ ճիշտ է, այսպես պետք է հնչի երգը՝ առանց ավելորդ հուզականության, մաքուր ապրում»,- ընդգծում է Տիգրան Մանսուրյանը:
Նվագախմբի առաջին համերգը կկայանա հուլիսին՝ նվիրված Կոմիտասի 150 և Մանսուրյանի ծննդյան 80-ամյակներին: Երևանյան բեմելից հետո նվագախումբը համերգներով հանդես կգա նաև Հայաստանի մարզերում և Արցախում:
«Գիտեք, որ քաղաքապետ Հայկ Մարությանը Մանսուրյանի ծննդյան օրը խոստացավ, որ տարին լինելու է մանսուրյանական, և մենք հիմա խոստման հետքերով փորձում ենք ամեն ինչ անել: Այս համերգային ծրագիրը ընդամենը մի մասն է այն մեծամասշտաբ ծրագրերի, որ մենք իրականացնելու ենք Մանսուրյանի 80-ամյակի միջոցառումների շրջանակում»,-նշում է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը:
Այս հանդիպումը պատանիները դեռ երկար կհիշեն` որպես իրենց կյանքի պատմական ու գուցե նաև բեկումնային օր:
Մաեստրոն երեխաներին հրաժեշտ չտվեց. մինչ նոր հանդիպում:
Նմանատիպ նյութեր
12161 դիտում
17:20 10-10-2017
«Երևան՝ սիրո քաղաք». նոր երգ՝ նվիրված 2799-ամյա քաղաքամայր Երևանին. ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ
1560 դիտում
11:24 06-10-2014
Էկոլոգներն ահազանգում են՝ թռչուններն անհետանում են. տեսանյութ