Կոտայքի մարզում առաջիկայում վերելակների գործարան կհիմնվի
ՀՀ Կոտայքի մարզում առաջիկայում կհիմնվի վերելակների գործարան, որտեղ նախատեսվում է արտադրել տարեկան 2000-3000 վերելակ: Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
Նշեց, որ վերելակները կստեղծվեն ինչպես ներքին շուկայի սպառման, այնպես էլ արտահանման համար:
Կոտայքի մարզպետի խոսքով՝ ինքը «XinJiang TianShan Elevator Manufacturing» չինական ընկերության հետ հուշագիրը ստորագրել է 5 ամիս առաջ:
«Այս պահին ունենք 5 արտադրատարածք, որոնք նախնական հավանության են արժանացել հայաստանյան ներկայացուցչության կողմից: Սպասում ենք չինական պատվիրակության այցին, որպեսզի իրենց մասնագետները վերջնական ընտրությունը կատարեն և ներկրեն հոսքագծերը: Մոտավորապես հաշվարկել ենք վերելակների պահանջարկի մարզի ունեցած պոտենցիալը, գումարած դրան այլ տարածաշրջանների քաղաքային ու այդ թվում մայրաքաղաքում ունեցած իրացման հնարավորությունները»,- նշեց Պետրոսյանը: