Վարչապետ Հովիկ Աբրահամյանը այցելել է Կոտայքի մարզում գործող «Արգել» փակ բաժնետիրական ընկերության մեխանիկական գործարան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր` մարտի 10-ին, վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է նորագույն տեխնոլոգիաներով ամրաններ արտադրող «Արգել» փակ բաժնետիրական ընկերության մեխանիկական գործարան:
Վարչապետը շրջել է 150 աշխատատեղ ունեցող գործարանի արտադրամասերով, ծանոթացել արտադրական հզորություններին և զարգացման առաջիկա ծրագրերին:
Արտադրվող բազալտեպլաստիկե կոմպոզիտային ամրանները, որոնց մեջ օգտագործվում է նաև հատուկ մանրաթել, իրենց ամրությամբ 2,5 անգամ գերազանցում են սովորական մետաղե ամրաններին, իսկ խտությամբ 4 անգամ թեթև են:
Արտադրանքն առայժմ իրացվում է միայն Հայաստանում: Առաջիկայում այն պետք է անցնի նաև միջազգային լիցենզավորում՝ արտահանում կազմակերպելու նպատակով:
Գործարանն արտադրում է նաև հրակայուն գործվածք, որը կարող է օգտագործվել տարբեր ոլորտներում՝ արտակարգ իրավիճակների, առողջապահության, ռազմարդյունաբերության և այլն:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի