Բարեգործական ծառատունկ-ցուցահանդեսի շրջանակներում կտնկվեն 100-ից ավել ծառեր
Ապրիլի 28-ից մայիսի 4-ը կայանալիք բարեգործական ծառատունկ-ցուցահանդեսի շրջանակներում Twinz բրենդի, AGBU Armenia-ի և Armenia Tree Project-ի նախաձեռնությամբ կտնկվեն 100-ից ավել ծառեր:
Գաղտնիք չէ, որ էկոլոգիան աշխարհում, իսկ մասնավորապես՝ Հայաստանում, վտանգված է՝ կանաչ գոտիների և անտառների սակավության պատճառով։ Բնափայտ օգտագործողներն ու սպառողներն անուղղակի վնաս են հասցնում շրջակա միջավայրին, ինչի արդյունքում տարեցտարի սակավանում են անտառածածկ գոտիները։
Բնապահպանական նկատառումներից ելնելով՝ Twinz հայկական արտադրության փայտե ակնոցների բրենդն ընտրել է ծառատունկի և կանաչապատման ուղղությունը՝ հանդես գալով շարունակական նախաձեռնությամբ։ Բրենդը, որը հիմնադրվել է որպես էկոլոգիապես մաքուր, ձեռագործ ակնոցների դիզայնի և արտադրության արվեստանոց, յուրաքանչյուր վաճառված ակնոցի շահույթից մեկական ծառ է տնկելու Հայաստանում՝ դրանով ընդգծելով ընկերության մտահոգությունը էկոլոգիական աղտոտվածության հանդեպ և թողնելով որոշակի դրական ազդեցություն՝ բնապահպանության գործում։
Ցուցահանդեսի շրջանականերում կազմակերպվելու է 100-ից ավել ծառատեսակների ցուցահանդես, ինչպես նաև առանձին ծառատեսակների և տնկիների ցուցադրություն-վաճառք՝ համադրված Twinz ապրանքանիշի ակնոցների ցուցադրություն-վաճառքի հետ։ Ցուցադրության բացման և փակման օրը հնչելու է կենդանի կենդանի երաժշտություն՝ տարբեր ոճի բենդերի և երաժիշտների մասնակցությամբ, իսկ հյուրերը երեկույթի ընթացքում վայելելու են խմիչքների և աղանդերի անվճար հյուրասիրություն։
Հրաովիրվելու են կառավարության անդամներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, դեսպանատների, քաղաքապետարանի ներկայացուցիչներ, մի շարք հայտնի բրենդերի ներկայացուցիչներ, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ և այլք:
Ցուցահանդեսի փակման օրը կիրականացվի ծառատունկը։ Միջոցառումը նախատեսվում է անցկացնել ամեն տարի՝ գարնանատունկի ժամանակ։
Ցուցահանդեսի մուտքն ազատ է բոլորի համար։ Այն բաց կլինի ապրիլի 28-ից մինչև մայիսի 4-ը՝ Մելիք-Ադամյան 2/2 հասցեում գտնվող «AGBU Armenia»-ի առաջին հարկում։