211652_close_icon
views-count1912 դիտում article-date 21:48 05-04-2019

Կալանավորված անձինք կստանան երկարատև տեսակցության հնարավորություն, բոլոր դատապարտյալները կունենան կարճատև մեկնման իրավունք. ՄԻՊ

Այսօր ՀՀ Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել և դրական եզրակացությամբ ԱԺ լիագումար նիստի օրակարգ է ներկայացվել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և ՀՀ արդարադատության նախարարության կողմից համատեղ մշակված օրենսդրական նախագծերի փաթեթը, որն ուղղված է ազատությունից զրկված անձանց արտաքին աշխարհի հետ կապի և այլ իրավունքների իրացման հետ կապված օրենսդրական մի շարք խնդիրների լուծմանը: Նախագծում օրենսդրական լուծում գտած խնդիրները վեր են հանվել Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների քննարկման, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներում իրականացված մշտադիտարկման այցերի և ուսումնասիրություններիարդյունքում, որոնց մանրակրկիտ անդրադարձ է կատարվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի տարեկան զեկույցներում: Հարկ է նշել, որ փաթեթում արձանագրված խնդիրների վերաբերյալ դեռ 2018 թվականի նոյեմբերին Պաշտպանի կողմից հրապարակվել են կալանավորված անձանց և դատապարտյալների իրավունքների երաշխավորման վերաբերյալ իրավական դիրքորոշումները: Նիստի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ևս մեկ անգամ ընդգծել է ազատությունից զրկման վայր մուտք գործելու առաջին իսկ օրից դատապարտյալներին ազատ արձակվելուն աստիճանական նախապատրաստելու և վերասոցիալականացման կարևորությունը: Պաշտպանը շեշտել է ազատությունից զրկված անձի վարքագծի ռիսկային գնահատման կարևորությունը և նշել, որ ազատությունից զրկման վայրում պահվող յուրաքանչյուր անձի նկատմամբ պետք է ցուցաբերել անհատական մոտեցում՝ անկախ ենթադրաբար կամ դատարանի դատավճռով հաստատված արարքի ծանրությունից կամ բնույթից: Նախագծերի փաթեթով, մասնավորապես, առաջարկվում է՝ 1) մերձավոր ազգականների հետ կապն ապահովելու նպատակով նախատեսել դատապարտյալին քրեակատարողական մեկ հիմնարկից նույն տեսակի մեկ այլ հիմնարկ տեղափոխելու օրենսդրական հիմք. 2) ազատազրկման դատապարտված և կալանավորված անձանց կարճատև և երկարատև տեսակցություններ, ինչպես նաև կարճատև մեկնումներ տրամադրելու հիմքում դնել ոչ թե անձի կատարած հանցագործության ծանրության աստիճանը, այլ հաշվի առնել վերջինիս անհատական վարքագիծը և ռիսկայնությունը. 3) կալանավորված անձանց համար նախատեսել երկարատև տեսակցության հնարավորություն. 4) բուժական ուղղիչ հիմնարկում կամ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող առողջապահական այլ հաստատություններում ստացիոնար պայմաններում բուժում ստացող դատապարտյալների նկատմամբ նշանակված պատժախուց տեղափոխելու տույժի միջոցի կիրառումը հետաձգել մինչև բուժման ավարտը. 5) մանկատանը կամ ազգականի մոտ տեղավորելու նպատակով դատապարտյալին կարճաժամկետ մեկնում տրամադրելու հնարավորությունը չկապել միայն հաշմանդամ կամ ուղղիչ հիմնարկին կից մանկատանը երեխա ունենալու հետ, այլ նշված նպատակով կարճաժամկետ մեկնում տրամադրել այն բոլոր դեպքերում, երբ դատապարտյալի երեխան հայտնվել է կյանքի դժվարին իրավիճակում. 6) վերացնել ցմահ ազատազրկման դատապարտված անձանց որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանցից անջատ պահելու օրենսդրական կանոնը՝ բարձրացնելով ցմահ ազատազրկման դատապարտված անձանց վերասոցիալականացման գործընթացի արդյունավետությունը. 7) ժամանակավոր վկայական ստանալու հնարավորություն նախատեսել ոչ միայն ազատազրկման դատապարտված, այլ նաև կալանավորված անձանց համար. 8) քաղաքացիաիրավական գործարքներ կնքելու խնդրանքի հիման վրա վերցված ժամանակավոր վկայականը կամ նույնականացման քարտը տրամադրելու պարտականություն նախատեսել ոչ միայն ազատազրկման դատապարտված, այլ նաև կալանավորված և ձերբակալված անձանց համար. 9) սննդամթերք և առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու նպատակով դատապարտյալների՝իրենց անձնական հաշվից ծախսելու համար թույլատրելի գումարի շեմը նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից բարձրացնել մինչևվաթսունապատիկը: Մարդու իրավունքների պաշտպանն արդյունավետ է գնահատում ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման ոլորտում Արդարադատության նախարարության հետ այս համագործակցությունը, ինչպես նաև ԱԺ պետական-իրավական հանձնաժողովում տեղի ունեցած քննարկումները:

Նմանատիպ նյութեր