Օտարերկրյա դատապարտյալները կունենան ազատազրկման վայրի վարչակազմին ՀՀ-ում ապաստանի խնդրանք ներկայացնելու իրավունք
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին, որով առաջարկվում է սահմանել, որ ազատազրկման վայրում գտնվող օտարերկրյա քաղաքացի հանդիսացող և քաղաքացիություն չունեցող դատապարտյալներն ունենան ազատազրկման վայրի վարչակազմին Հայաստանի Հանրապետությունում ապաստանի խնդրանք ներկայացնելու իրավունք:
Գործադիրը քննարկել է ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հարկերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրինագիծը: Պատգամավորն առաջարկում է սահմանել, որ հարկի վճարումը ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար տույժ վճարվի ոչ թե 0.15, այլ 0.075 տոկոսի չափով:
Ըստ կառավարության եզրակացության՝ տույժի դրույքաչափի նվազեցման առաջարկություն արել են այլ պատգամավորներ ևս, ուստի նպատակահարմար է հարցը քննարկել հարկային օրենսգրքի նախագծի՝ առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկումների միջև ընկած ժամանակահատվածում:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով: