211652_close_icon
views-count1259 դիտում article-date 11:42 05-04-2019

Գերմանիայի և Հայաստանի Սահմանադրական դատարանների նախագահների հանդիպումը կհանգեցնի երկկողմ իրավական համագործակցության ամրապնդմանը

ՀՀ սահմանադրական դատարանի հրավերով, պաշտոնական այցով Հայաստան է ժամանել ԳԴՀ սահմանադրական դատարանի նախագահ Անդրեաս Ֆոսկուլեի գլխավորած պատվիրակությունը: «[url=https://https://armenpress.am/arm/news/970189.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը հանդիպեց Ֆոսկուլեի և պատվիրակության կազմում գտնվող Դատարանի նախագահի տեղակալ և Առաջին սենատի նախագահ Շտեֆան Հարբարթի, Դատարանի դատավորների, Դատարանի աշխատակազմի ղեկավարի հետ: Այցի նպատակն է ամրապնդել երկկողմ իրավական հետագա համագործակցությունը և կատարել փորձի փոխանակում սահմանադրական արդարադատության իրականացման ոլորտում: Հրայր Թովմասյանը նշեց, որ գերմանական սահմանադրական արդարադատության ոլորտում կուտակված փորձից Հայաստանը շատ բաներ ունի վերցնելու: «Գերմանացի իրավաբանների հետ իմ շփումներն արդեն 2 տասնամյակ են տևում: Յուրաքանչյուր շփումից հետո, կարող եմ ասել, որ ես ինչ-որ բան սովորել եմ և շնորհակալություն եմ հայտնում դրա համար: Մենք տարբեր երկրների տարբեր դատարանների փորձեր ու որոշումներ ենք ուսումնասիրում, օրինակ՝ ինչպիսիք են Եվրոպական դատարանի որոշումները, ներպետական օրենսդրությունը, և վստահեցնում եմ, որ առաջին պետությունը, որի դատական պրակտիկան մենք ուսումնասիրում ենք, Գերմանիան է: Այս հանդիպումը մեզ համար ևս մեկ հնարավորություն է փորձի փոխանակում իրականացնելու և միասին քննարկելու տարբեր հարցեր»,- ասաց ՀՀ սահմանադրական դատարանի նախագահը: Անդրեաս Ֆոսկուլեն էլ ընդգծեց, որ ուժեղ խորհրդարանական համակարգը, ուժեղ Սահմանադրական դատարանը և դրանց երկուսի կապն իրենց համար շատ հարազատ են: «Մեզ համար դա շատ կարևոր նախապայման է, որպեսզի երկրում խաղաղություն և ազատություն լինի, որպեսզի քաղաքացիները բարեկեցիկ կյանք ունենան: Նման գործընթացները միշտ շարժման մեջ են գտնվում և առաջ են ընթանում և, անշուշտ, դրան կնպաստեն այստեղ կայանալիք մեր բանակցություններն ու քննարկումները»,- շեշտեց ԳԴՀ Սահմանադրական դատարանի նախագահը: Ֆոսկուլեն նշեց, որ Հայաստանը տարածաշրջանի այն երկրներից է, որից կարելի է սովորել, օրինակ, թե ինչպես զգուշավոր, խելամիտ քաղաքականություն վարել ամենատարբեր հարևանների և գործընկերների հետ: Այցի ընթացքում նախատեսվում են պաշտոնական և աշխատանքային հանդիպումներ։

Նմանատիպ նյութեր