211652_close_icon
views-count109647 դիտում article-date 19:30 04-04-2019

Ողբերգական դեպք Արագածոտնի մարզում. Թալինի հրշեջների օպերատիվ գործողությունների արդյունքում բնակելի տանը կրակի տարածումը կանխվել է. հյուրասենյակում հայտնաբերվել է տանտիրուհու այրված դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թալին քաղաքի Ձորափնյա 31 տանը հրդեհ է բռնկվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է Թալինի թիվ 22 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով ՝ ջոկատի հրամանատար Սևակ Ֆահրադյանի գլխավորությամբ: Հրշեջները նշված տան 2-րդ հարկում նախ կանխել են կրակի տարածումը, այնուհետև մարել այն: Ժամանել է նաև ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Ֆրանգյանի գլխավորությամբ: Հրշեջներն ու ոստիկանները, մարելով կրակը, հյուրասենյակում հայտնաբերել են տանտիրուհու՝ 89-ամյա Հրանուշ Ենոքյանի դին՝ այրված վիճակում: Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնի խումբը՝ քննչական բաժնի պետ Արտակ Պետրոսյանի և քննիչ Վարդան Մազյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վարում հավաքված քաղաքացիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Նկատեցինք ծուխը, միանգամից զանգահարեցինք Թալինի հրշեջ ջոկատ ու 1-2 րոպեների ընթացքում Թալինի հրշեջները հասան դեպքի վայր: Ճիշտ է, ցավում ենք, որ զոհ ենք ունեցել, բայց չենք կարող չգնահատել Թալինի հրշեջների օպերատիվ աշխատանքը, ովքեր նախ կանխեցին կրակի տարածումը, այնուհետև մարեցին այն: Եթե հրշեջները միքիչ ուշանային, 2 հարկանի տունը կրակի էր մատնվելու և այն ամբողջովին վերածվելու էր մոխրակույտի»: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մահացածը բնակվում էր հարսի հետ և նա այդ պահին տանը միայնակ է եղել: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին