211652_close_icon
views-count1661 դիտում article-date 11:37 02-04-2019

Մի հաղորդագրության պատմություն. վարչապետի մամուլի ծառայության խմբագրած հայտարարությունը. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ բավական ուշագրավ աշխատաոճով աչքի ընկավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը։ Այն նախ հայտարարություն տարածեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին, որում բառացի նշված էր. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ՀՀ վարչապետը տեղեկատվություն է ներկայացրել օրեր առաջ Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացած հանդիպման մասին: Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են հայ-ռուսական համագործակցության օրակարգին վերաբերող տարբեր հարցեր: Կողմերը կարևորել են ապրիլի 4-ին Մոսկվայում կայանալիք Հայ-ռուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստը և վերջինիս շրջանակում քննարկվելիք հարցերը: Նշվել է, որ այսօր առկա են նախադրյալներ՝ հայ-ռուսական երկկողմ առևտրի ծավալների ընդլայնման համար: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ԵԱՏՄ շրջանակում համագործակցության և ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ»։ Որոշ ժամանակ անց վարչապետի մամլո ծառայությունը հանդես եկավ նույն հաղորդագրության նոր՝ խմբագրված տարբերակով, որում արդեն ներկայացված էր միանգամայն այլ տեքստ. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են օրեր առաջ Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացած հանդիպման արդյունքները: Զրուցակիցներն անդրադարձել են նաև հայ-ռուսական համագործակցության օրակարգին վերաբերող տարբեր հարցերի: Կողմերը կարևորել են ապրիլի 4-ին Մոսկվայում կայանալիք Հայ-ռուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստը և վերջինիս շրջանակում քննարկվելիք հարցերը: Նշվել է, որ այսօր առկա են նախադրյալներ՝ հայ-ռուսական երկկողմ առևտրի ծավալների ընդլայնման համար: Կողմերը մտքեր են փոխանակել նաև ԵԱՏՄ շրջանակում համագործակցության և ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ»։ Ուշագրավ է սակայն, որ ՌԴ նախագահի պաշտոնական կայքում ներկայացված հաղորդագրությունը գրեթե նույնական է հաղորդագրության այն տեքստի հետ, որը սկզբում տարածել էր վարչապետ Փաշինյանի մամուլի ծառայությունը։ «Н.Пашинян проинформировал об итогах прошедшей 9 марта в Вене встречи с Президентом Азербайджанской Республики И.Алиевым по нагорнокарабахской проблематике и выразил благодарность российской стороне за весомую посредническую роль в переговорном процессе…». Հասկանալի է, որ խնդիրը «տեղեկատվություն է ներկայացրել» եզրի մեջ է, որն իր մեջ որոշակի սուբորդինացիա է պարունակում՝ ընդգծելով հայկական կողմի ստորադաս կարգավիճակը։ Թերևս այդ պատճառով է վարչապետի մամլո ծառայությունը խմբագրել իր իսկ տարածած հաղորդագրությունը, ինչը, նկատենք, տարածված պրակտիկա չէ և կիրառվում է, թերևս, միայն խիստ անհրաժեշտության դեպքերում»։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր