211652_close_icon
views-count34164 դիտում article-date 22:50 06-03-2026

Ողբերգական դեպք՝ Երևանում․ Արշակունյաց պողոտայի շենքերից մեկի դալանում հայտնաբերվել է տղամարդու մարմին, որի վրա, ըստ դատաբժշկի, կան սուր կտրող-ծակող առարկայից ստացված հարվածի հետքեր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 6-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտայի թիվ 44 և 46 շենքերի դալանում տղամարդու դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են քրեական և համայնքային ոստիկանները։ Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։

Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են տղամարդու դի՝ դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն սուր կտրող-ծակող առարկայից ստացված հարվածի հետքերով։

Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքներն ու մահացածի ինքնությունը և ձեռնարկվում են քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործություն կատարած անձի ինքնությունը ճշտելու, նրան և հանցագործության գործիք հանդիսացող առարկան հայտնաբերելու ուղղությամբ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածի մարմնի մոտ, դալանի որոշ հատվածներում, հայտնաբերվել են արնանման հետքեր։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը Երևանի բնակիչ 62-ամյա Ռուբեն Ա.-ն է:

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 113+
113+

Նմանատիպ նյութեր