211652_close_icon
views-count10750 դիտում article-date 21:39 05-12-2018

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության նախկին տնօրեն Արա Մինասյանի փաստաբանների հայտարարությունը ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության վերաբերյալ

Այսօր առավոտյան ՀՀ Քննչական կոմիտեն տարածել է հաղորդագրություն ներկայացնելով՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն, պրոֆեսոր Արա Մինասյանի անհատական բանկային տվյալներին վերաբերող տեղեկատվություն՝ զուգորդված համապատասխան լուսանկարներով: Քննչական կոմիտեի գործողությունները ոչ այլ ինչ է, քան հասարակական կարծիքը մանիպուլացնելու և հանրությանը մոլորեցնելու փորձ, հակառակ դեպքում անհասկանալի է՝ ինչու է իրավապահ մարմինը հրապարակել Արա Մինասյանի բանկային հաշվին առկա դրամական միջոցների և բանկային պահատեղիների պարունակության մասին տվյալներ, երբ քննվող քրեական գործով պրոֆեսոր Մինասյանին ընդհանրապես չի վերագրվում կամ մեղսագրվում պետական սեփականություն հանդիսացող որևէ դրամական միջոց իր կամ այլ ֆիզիկական անձի սեփականությունը դարձնելուն ուղղված որևէ գործողություն կամ հանգամանք: Առկա չէ որևէ ապացույց կամ տվյալ, առ այն, որ պրոֆեսոր Մինասյանը տիրացել է պետական սեփականություն հանդիսացող որևէ գույքի կամ դրամական միջոցի: Եթե նման փաստեր իրավապահ մարմինն ունենար, ապա անկասկած, դրանք ներկայացրած կլիներ սույն գործի վերաբերյալ տարածած այս և մյուս հաղորդագրություններում: Ավելին, անընդունելի է համապատասխան տեղեկությունների և լուսանկարների հրապարակումը նաև այն պատճառով, որ բանկային պահատեղիներում առկա գույքային միջոցները ձեռք են բերվել մինչև 2014 թվականը, և հետևաբար, առկա չէ որևէ ողջամիտ կապ նշված միջոցների և քննվող քրեական գործի միջև: Հետևաբար, քրեական գործի քննության այս փուլում համապատասխան լուսանկարների տարածումը բացառապես նպատակ է հետապնդում խեղաթյուրելու իրականությունը և ստվերել բժիշկ Մինասյանի հեղինակությունը: Միաժամանակ անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ այս բովանդակության հաղորդագրության տարածումը դիտարկում ենք որպես ճնշում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի վրա, որտեղ ներկայում քննվում է Առաջին ատյանի դատարանի կողմից պրոֆեսոր Ա. Մինասյանի նկատմամբ կալանավորումը՝ որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին որոշման դեմ դատախազության ներկայացրած բողոքը: Քննչական կոմիտեի հաղորդագրության տարածումը նպատակ է հետապնդում ազդել և ճնշում գործադրել վերաքննիչ դատարանի ներքին համոզմունքի վրա և հանգեցնել գործի տվյալներից չբխող դատական ակտի կայացման: Հիշեցնենք, որ Առաջին ատյանի դատարանը մերժել էր պրոֆեսոր Ա. Մինասյանի նկատմամբ կալանավորումը՝ որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի ներկայացրած միջնորդությունը` պրոֆեսոր Ա. Մինասյանի` իրեն առաջադրված մեղադրանքի հետ առնչության բացակայության հիմքով: Հետևաբար, նման հաղորդագրության տարածումը ոչ միայն կոպտորեն խախտում է սահմանադրորեն ամրագրված անմեղության կանխավարկածի սկզբունքը, այլև առաջին ատյանի դատարանի դատական ակտով հաստատված Ա. Մինասյանի անմեղությունը: Ամփոփելով վերոշարադրյալը՝ վերահաստատում ենք, որ մեր կողմից օրենքով սահմանված կարգով հետևողականորեն ձեռնարկվելու են բոլոր միջոցները սույն քրեական գործով օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտելու, պրոֆեսոր Մինասյանի խախտված իրավունքները վերականգնելու և ապօրինություններ թույլ տված անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր