211652_close_icon
views-count2035 դիտում article-date 12:55 29-03-2019

Կառավարությունը մերժեց «Լուսավոր Հայաստանի»՝ զորացրված զինծառայողների առողջական համալիր փորձաքննությանը վերաբերող նախագիծը

Կառավարությունն այսօրվա նիստում մերժեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» և «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքներում փոփոխությունների օրենսդրական նախաձեռնությունը, որը վերաբերում է զորացրված զինծառայողների առողջական համալիր փորձաքննությանը։ Ըստ առաջարկվող փոփոխությունների՝ նախատեսվում էր օրենքով ամրագրել, որ պարտադիր զինվորական ծառայության ժամկետը լրանալու հիմքով զինվորական ծառայությունից արձակված շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողներն անցնում են առողջական վիճակի համալիր հետազոտություն և բժշկական փորձաքննություն՝ զինվորական ծառայությունից արձակվելուց անմիջապես հետո, սակայն ոչ ուշ, քան արձակվելուց մեկ օրացուցային ամսվա ընթացքում: Եթե պարզվի, որ զինծառայության ընթացքում զինծառայողի մոտ առողջական խնդիրներ են առաջացել, ապա պետությունը պարտավոր է հոգալ այդ ծախսերը: Պաշտպանության նախարարության պարզաբանման մեջ նշվում է, որ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայող­նե­րի առողջության պահպանման հետ կապված հարաբերությունները սահմանված են օրենքով, ըստ որի՝ զինծառայողներն անցնում են խորացված և հսկիչ-բժշկական քննություն, պլա­նա­յին բուժզննումներ: Գործող օրենքի համաձայն՝ զինված ուժերից սահմանված կարգով արձակվելուց հետո ծա­ռայու­թյան ժամանակ ծագած հիվանդության և խեղման պատճառական կապի մասին փորձաքննական եզրակացությունները կարող են քննարկվել և հաստատվել զորացրվելուց հետո` 5 տարվա ընթացքում, իսկ զինվորական ծառայության ժամանակ ստացած վնասվածքի պատ­ճա­ռական կապի մասին փորձնական եզրակացությունները քննարկվում և հաստատվում են անկախ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելու ժա­մա­նա­կա­հատ­վածից: Այսպիսով՝ գործադիրը մերժեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությունը, քանի որ վերոնշյալ իրավական ակտերից ակնհայտ է, որ գործող օրենսդրությամբ սահմանված են մի շարք կարգավորումներ զինվորական ծառայությունից հետո առողջական խնդիրներ ունենալու դեպքում անձի առողջական վի­ճա­կի հետազոտման և փորձաքննության, դրանց արդյունքներով պատճառական կապի որոշ­ման և առողջական վիճակի վերականգնման գործընթացի վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր