Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը քաղաքացիներից ստացած դիմում-բողոքների հիման վրա դիմել է դատախազություն
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկել 4 նույնաբովանդակ դիմում-բողոքներ: Հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Կասկածի տեղիք տված գրությունները վերաբերում են «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրենի նորանշանակ ժ/պ Կարեն Խաչատրյանի կողմից նախարարություն ներկայացված փաստաթղթերի հավաստիությանը: Հատկանշական է, որ չորս տարբեր քաղաքացիների կողմից նախարար Զարուհի Բաթոյանին հասցեագրված և վերահասցեագրված դիմում-բողոքները ամբողջությամբ կրկնում են իրար:
Դիմում-բողոքների հասցեատերերի ինքնության, դրանցում ներկայացված տվյալների հավաստիության ստուգման, ինչպես նաև՝ հետագա գործընթացները իրավական դաշտ բերելու ակնկալիքով՝ նախարարությունը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ ներկայացնելով ստացված դիմում-բողոքները և ունեցած մյուս փաստաթղթերը: