211652_close_icon
views-count1761 դիտում article-date 16:32 21-03-2019

Ավագ Ավանեսյանը հանդիպել է Միջազգային հանրապետական ինստիտուտի ներկայացուցիչների հետ

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը մարտի 20-ին հանդիպում է ունեցել Միջազգային հանրապետական ինստիտուտի ներկայացուցիչների և ինստիտուտի հրավերով, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Հայաստանում ընտրական գործընթացների և քաղաքական հաշվետվողականության ամրապնդման» ծրագրի շրջանակներում Վաշինգտոնից Երևան ժամանած ռազմավարական հայտնի խորհրդատու Բարրի Ջեքսոնի հետ։ Ինչպես հայտնեցին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը մասնակցել են. Միջազգային Հանրապետական Ինստիտուտի Վրաստանի գրասենյակի ծրագրի պատասխանատու Վլադիմեր Ռազմադձեն, Միջազգային Հանրապետական Ինստիտուտի հայաստանյան գրասենյակի ծրագրի պատասխանատու Ասթինե Բադեյանը, նախարարության Ռազմավարական ծրագրավորման և մոնիթորինգի վարչության պետ Արտակ Բաղդասարյանը և Միջազգային համագործակցության վարչության պետ Արմեն Այվազյանը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նախարարության կառուցվածքային փոփոխություններին առնչվող հարցեր, մասնավորապես նախարարության կառուցվածքային ձևավորման և մարտահրավերների, այլ պետական մարմինների և քաղաքացիների հետ արդյունավետ հաղորդակցման ու համագործակցության, ընթացիկ կարիքների գնահատման և կարողությունների բարձրացման վերաբերյալ։ Փոխնախարար Ավագ Ավանեսյանը ներկայացրել է հյուրերին նախարարության համար ներկայումս հրատապ և առանցքային մարտահրավերները, ինչպես նաև այն թիրախային խնդիրներն ու կարիքները, որտեղ կակնկալվեն Միջազգային հանրապետական ինստիտուտի օգնությունն ու աջակցությունը։ Բարրի Ջեքսոնը, ներկայացնելով պետական տարբեր մարմինների հետ իր տարիների փորձը, հայտնել է իր կարծիքը նշված մարտահրավերների և խնդիրների լուծման վերաբերյալ։ Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Միջազգային հանրապետական ինստիտուտի միջև հետագա սերտ և արդյունավետ համագործակցության համար։

Նմանատիպ նյութեր