Ունենք մի հատ նորմալ անասնաբուժություն և մի հատ պետական անասնաբուժություն՝ իր հետևանքներով. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարում անասնաբուժական ծառայությունները արտապատվիրակել մասնավորին: Այդ մասին ՀՀ վարչապետն ասաց կառավարության նիստում:
«Մենք տարածքներում պետք է ունենանք անասնաբուժական կենտրոններ, որոնց կաջակցենք, որ նրանք ունենան տեխնիկական և մասնագիտական պատշաճ մակարդակ: Պետական ծրագրերը մենք պետք է իրականացնենք այդ կենտրոնների միջոցով, որովհետև մենք հիմա զուգահեռ երկու մեթոդ ունենք աշխատելու: Կներեք այս ձևակերպման համար, մենք ունենք մեկ նորմալ անասնաբուժություն, մի հատ էլ պետական անասնաբուժություն՝ սրանից բխող բոլոր հետևանքներով: Մենք պետք է այս կառույցներն ուժեղացնենք և սա պետք է լինի մեր ռազմավարությունը: Մեր պետական ծառայությունները պետք է արտապատվիրակենք: Սա նաև ֆինանսական աջակցություն է և կարծում եմ՝ ծառայությունների եթե ոչ գինը, ապա առնվազն որակը այս մեթոդով մենք հնարավորություն կունենանք մեծացնել: Այնպես որ պետք է այս ռազմավարությունով գնանք առաջ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: