211652_close_icon
views-count1298 դիտում article-date 23:28 13-03-2019

ՀՀ պատվիրակությունը Նյու Յորքում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովին

Մարտի 12-ին ՄԱԿ-ում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կողմից կազմակերպված նախարարական համաժողովը, որին մասնակցեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի գլխավորած պատվիրակությունը։ Համաժողովը կազմակերպվել էր Նյու Յորքում մեկնարկած Կանանց կարգավիճակի հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում և նվիրված էր ֆրանկոֆոն երկրներում հասարակական կյանքի բոլոր ոլորտներում կանանց և աղջիկների դերակատարության բարձրացմանը։ Համաժողվի քննարկումների կենտրոնում էր Երևանում 2018թ․ կայացած Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովն ու դրա շրջանակներում Երևանում ընդունված «Կանանց և տղամարդկանց միջև հավասարության, կանանց իրավունքների և առաջխաղացման խթանմանման մասին» ռազմավարությունը, ինչպես նաև՝ վերջինիս իրականացման ուղղությամբ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամների կողմից ձեռնարկվող քայլերը։ Համաժողովի մասնակիցները շնորհավորանքի խոսքեր ուղղեցին հայկական կողմին՝ Երևանյան գագաթաժողովը բարձր մակարդակով անցկացնելու և ֆրանկոֆոնիայում նախագահության շրջանակներում կարևոր նախաձեռնություններով հանդես գալու կապակցությամբ։ Միջոցառման ընթացքում Զ․ Բաթոյանը մտքեր փոխանակեց նաև Ֆրանկոֆոնիայի 18-րդ գագաթաժողովը 2020թ․ հյուրընկալող երկրի՝ Թունիսի Կանանց, ընտանիքի, երեխաների և տարեցների հարցերով նախարար Նազիհա Լաաբիդիի հետ։

Նմանատիպ նյութեր