1131 դիտում
15:04 12-03-2019
Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Նազարյանն իր հավատարմագրերը հանձնեց Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մարտի 9-ին Հռոմի Սրբազան Քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին իր հավատարմագրերը հանձնեց Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Նազարյանը։
Արարողությանը հետևած զրույցի ընթացքում դեսպան Նազարյանը ՀՀ քաղաքացիների, նրանց ընտրյալ իշխանությունների անունից Հռոմի Քահանայապետին փոխանցեց ջերմ ողջույններ, նշելով, որ Հայաստանում մշտապես վառ են նրա՝ առաջին քրիստոնյա երկիր պատմական այցելության հուշերը։ Դեսպանն իր երախտագիտությունն հայտնեց Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Նորին Սրբության սկզբունքային դիրքորոշման համար, որը ճշմարտության ու արդարության միջոցով ժողովուրդների ու պետությունների միջև համերաշխությանը միտված կարևորագույն քայլ է։
Պատեհ առիթն օգտագործելով, ՀՀ դեսպանը նշեց, որ Ս․ Գրիգոր Նարեկացուն Կաթոլիկ եկեղեցու Տիեզերական վարդապետ հռչակելու որոշումն առավել ամրացրեց միասնության ու հավատքի կամուրջը՝ գոտեպնդելով և ոգևորելով Հայաստանում ու սփյուռքում բնակվող հայրենակիցներին։ Դեսպանն իր պատրաստակամությունը հայտնեց ջանքեր չխնայել ապահովելու համար ամենատարբեր ոլորտներում միջպետական կապերի շարունակական ընդլայնումը։
Ֆրանցիսկոս Պապը ողջունեց ՀՀ իշխանությունների մտադրությունն առավել զարգացնելու երկկողմ հարաբերությունները Սուրբ Աթոռի հետ, որոնք խարսխվում են հայ-վատիկանյան վաղեմի բարեկամական առնչությունների վրա՝ կարևորելով նաև սփյուռքի դերակատարումը։
Հռոմի Քահանայապետը նորանշանակ դեսպանին մաղթեց օրհնաբեր դիվանագիտական առաքելություն` ի փառս երկու պետությունների միջև հարաբերությունների հետագա ամրապնդման և իր բարեմաղթանքները հղեց ՀՀ քաղաքացիներին, Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Հայաստանի քաղաքական ղեկավարությանը։
Նույն օրը, Պապի հետ հանդիպումից հետո, դեսպան Կարեն Նազարյանն առանձնազրույց ունեցավ Սուրբ Աթոռի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի հետ, որի ընթացքում քննարկվեցին երկկողմ օրակարգին ու փոխգործակցությանն առնչվող հարցեր, անդրադարձ կատարվեց Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացին ու տարածաշրջանային զարգացումներին։ Հանդիպմանը զրույց ծավալվեց նաև Մերձավոր Արևելքում քրիստոնյաների, նրանց պատմամշակութային արժեքների ու հոգևոր ժառանգության պաշտպանության հարցերի շուրջ։ ՀՀ դեսպանը պետքարտուղարին տեղեկացրեց Հայաստանում ընթացող լայնածավալ բարեփոխումների օրակարգի մասին։
Պետաքարտուղար Պարոլինին իր ջերմ ողջույները փոխանցեց վարչապետ Փաշինյանին՝ կառավարությանը մաղթելով արգասաբեր աշխատանք տևական խաղաղությանը և կայուն զարգացման նպատակներին հասնելու համար։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2406 դիտում
12:13 21-08-2014
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին
1219 դիտում
15:07 15-09-2014
Վրաստանի նախագահը Հռոմի պապ Ֆրանցիսկոսին հրավիրել է Վրաստան
1684 դիտում
15:19 13-03-2015
Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին
Այս բաժնից
673 դիտում
13:52 15-01-2025
Վեհափառը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ
1450 դիտում
13:39 15-01-2025
Սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա