7990 դիտում
21:53 10-03-2019
Նախկին ու ներկա վարչապետները նամակներ են գրում միմյանց. Արամ Սարգսյանը՝ «Առաջին դեմքից». Aravot.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
[url=https://www.aravot.am/2019/03/10/1027541/]«Առավոտի»[/url] «Առաջին դեմքից» հաղորդաշարին հյուրընկալված «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին հարցրել են՝ ո՞րն էր պատճառը, որ եղբոր՝ Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակը ինքը նախընտրեց նշել Արցախում:
Դերակատարություն չունեցա՞վ այն հանգամանքը, որ ծննդյան օրվանից ընդամենը 4 օր առաջ՝ մարտի 1-ին վարչապետի որոշմամբ ստեղծվեց հոբելյանական հանձնաժողով: Եվ ԶԼՄ-ները նկատեցին, որ ոչ ԱԺ նախագահը, ոչ վարչապետը շնորհավորանքի խոսքով հանդես չեկան, «Իմ քայլի» 88 պատգամավորներից միայն 3 հոգի էին եկել Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու սպարապետի հիշատակին։
«Բացարձակապես ոչ: Խնդիրն այդ հարթության մեջ չի եղել»,- ասաց պրն Սարգսյանը և մանրամասն ներկայացրեց կազմակերպական խնդիրները, որոնց հետևանքով ինքը այդ օրը գնաց Արցախ. «Եվ շատ ուրախ եմ, որ գնացի: Իսկապես հրաշալի միջոցառում էին կազմակերպել: Արցախն այն եզակի տեղերից է, որտեղ չկա որևէ մարդ, որը Վազգենի մասին փորձի վատ բան հիշել, նույնիսկ փորձի մտքով այդպիսի բան անցկացնել: Վազգենը Արցախում բացառիկ հերոս է: Ու Վազգենի թեմաներով Արցախում լինելն ինձ միայն հպարտություն է պարգևում: Եվ ես սիրով էլի մյուսին՝ պետական հանձնաժողով կլինի, իրենք անձամբ կգան, թե չեն գա, մի ամիս առաջ դա կկազմակերպեն, թե ոչ՝ գնալու եմ Արցախ»:
Սերժ Սարգսյանը նույնպես Արցախում ներկա էր Վազգեն Սարգսյանի 60-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Հարցին՝ շփումներ եղա՞ն, «Հանրապետություն» կուսակցության նախագահը դրական պատասխանեց. «Սովորական, մարդկային շփում էր»:
Հայտնեց, որ քաղաքական թեմաներ չեն քննարկվել: Օրերս անդրադառնալով 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությանը՝ Արամ Սարգսյանն ասել էր. «Ես Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին ներել եմ»: «Նախ՝ Մեծ Պահքի շրջան է,- մեր խնդրանքով անդրադառնալով իր այդ հայտարարությանը՝ ասաց պրն Սարգսյանը:
- Պահքի գլխավոր իմաստն է կարողանալ ներել, որպեսզի ներվես: Երկրորդը՝ չեմ կարծում, թե նրանք իմ ներելու կարիքն ունեն: Եվ չգիտեմ՝ կարող է նույնիսկ իրենց կողմից վիրավորանք ընդունվի, որ ես նման բան եմ ասում, քանի որ կարող են ասել՝ մենք ի՞նչ են արել, որ մեզ ների էլ, կամ ինքն ո՞վ է, որ մեզ ների: Խնդիրը մարդկային հոգեվիճակն է, քանի որ եթե չես կարողանում ներել, քո մեջ պահում ես թշնամանքը՝ այն կործանում է: Թշնամանքով ոչինչ չես ստեղծի: Իսկ ներելն ինձ համար բացարձակապես չի նշանակում արդարացնել»:
Հետաքրքրվեցինք, թե անցած տարիների ընթացքում երբևէ իր եղբոր նախկին զինակիցներից՝ Ռոբերտ Քոչարյանից ու Սերժ Սարգսյանից առիթ եղե՞լ է հարցնելու, թե ի՞նչ են արել իրենք կամ ի՞նչ չեն արել, որ չլիներ «հոկտեմբերի 27»-ը:
«Այդ հարցերը եղել են միայն մամուլով՝ իմ կողմից: Երբեմն նաև չափն անցնող քննադատություն եմ արել, որի համար փոշմանել եմ, քանի որ կարծում եմ՝ քաղաքականության մեջ չի կարելի անցնել մարդկայինի սահմանը: Եվ եթե դիմացինդ վատն է՝ չի նշանակում, թե պիտի նմանվես իրեն: Որևէ շփում չի եղել Ռոբերտ Քոչարյանի հետ՝ վարչապետի պաշտոնից իմ ազատվելուց հետո: Նույնիսկ հեռվից իրար չենք տեսել»:
Մինչդեռ Սերժ Սարգսյանն այցելում էր Վազգեն Սարգսյանի ծնողներին՝ մեր այս դիտարկմանը Արամ Սարգսյանն արձագանքեց. «Որևէ այցելության ժամանակ ես ներկա չեմ եղել: Տեղյակ էին պահում, որ Սերժ Սարգսյանը գալու է և, ոչ իրեն անհարմար վիճակի, ոչ ինձ վատ վիճակի մեջ դնելու համար՝ այդ օրը տնից բացակայում էի, քանի որ ինքը գալիս էր Վազգենի տուն, ոչ թե իմ տուն… Վազգենի տան դռներն այսօր էլ բաց են իր բոլոր ընկերների համար, որոնք հարկ կհամարեն այդ տուն մտնել:
Ճիշտ կաներ՝ Ռոբերտ Քոչարյանն էլ գար-գնար: Ես էլի տանը չէի լինի, ու դա չէր նշանակի, որ ես քաղաքական առումով իրեն չեմ քննադատելու կամ չեմ ասելու, թե ինչու հոկտեմբերի 27-ի դատավարությունը հապշտապ արվեց կամ Սերժ Սարգսյանին չեմ ասելու, թե Ազգային անվտանգության նախարար լինելով հանդերձ՝ ինչո՞ւ չկարողացաք պետության սրբության սրբոցը՝ Ազգային ժողովն այնպես պաշտպանված պահել, որ ցանկացած մարդ՝ 5-6 հոգով, զենքով, զինամթերքով կարող էր մտնել այնտեղ: Դա նաև պաշտոնական անգործություն է, չէ՞ որոշակի առումով»:
Մանրամասները՝ [url=https://www.aravot.am/2019/03/10/1027541/]Aravot.am[/url]-ում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
6227 դիտում
11:53 09-03-2019
«Առաջին դեմքից»՝ Արամ Սարգսյանի հետ. aravot.am
1216 դիտում
08:58 15-09-2023
Նիկոլ Փաշինյանը վտանգ է զգում. թիմը արտերկրին նամակներ է գրում․ «Ժողովուրդ»
2913 դիտում
14:21 16-03-2014
Վրաստանի ներկա և նախկին վարչապետները չեն կարողացել զսպել իրենց էմոցիաները