Սաուդյան Արաբիայում կբացվի երկրում առաջին կոնսերվատորիան
Սաուդյան Արաբիայի ժամանցի գլխավոր վարչության պետ Թուրքի Ալ աշ-Շեյխը հայտարարել է, որ իշխանությունները մտադիր են կառուցել երկրում առաջին կոնսերվատորիան: Վերջինիս շինարարության մեկնարկի և բացման ժամկետները չեն նշվել:
«Ես կցանկանայի հայտարարել մեր քաղաքացիների համար անսովոր անակնկալի մասին: Մշակույթի հարցերով խորհուրդը քննարկում է մոտ ժամանակներս կոնսերվատորիայի շինարարության և բացման թույլատվություն տակու հնարավորությունը», ասել է նա:
Այս հայտարարության շուրջ լուրջ վեճեր են սկսվել բարեփոխիչների և պահպանողականների միջև:
Մասնավորապես, բարեփոխումների կողմնակիցները, որոնք հիմնականում ներկայացնում են երիտասարդությունը, հայտարարել են, որ նման հարցը վաղուց է հասունացել և թագավորությունում մշակութային կյանքը զարգացնելու ուղղությամբ քայլ առաջ կլինի:
Իսկ պահպանողականները, հիմնականում ավագ և միջին տարիքի քաղաքացիները, պնդում են, որ կոնսերվատորիա բացելը խախտում է իսլամի նորմերը: