211652_close_icon
views-count30823 դիտում article-date 17:04 10-03-2019

Շքեղ և ինքնատիպ շոու. Լիլիթ Հովհաննիսյանի Dream համաշխարհային շրջագայությունը մեկնարկեց Երևանից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սիրված երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի Dream խորագիրը կրող համաշխարհային շրջագայության մեկնարկը տրվեց Երևանում: Մարտի 9-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի լեփ-լեցուն դահլիճում երգչուհու երկրպագուներն աննախադեպ համերգի ականատես եղան: Երեկոյի մեկնարկին Լիլիթ Հովհաննիսյանը խոստովանեց, որ երկար է սպասել իր երևանյան մենահամերգին: «Բացի Երևանից, համերգներ եմ ունեցել աշխարհի բոլոր քաղաքներում: Վախենում էի ձեզ հիասթափեցնել: Այս համերգին շատ եմ սպասել, շատ եմ պատրաստվել: Ուզում եմ, որ միասին կայացնենք այն»,- մեկնարկին նշեց երգչուհին: Երեք ժամից ավելի տևած համերգային ինքնատիպ ծրագրի ընթացքում Լիլիթ Հովհաննիսյանը կատարեց ինչպես սիրված ու սպասված երգեր («Թե աղջիկ լինեիր», «Armenian Girl», «Չկիտես հոնքերդ», «Ռեքվիեմ», «Թշնամուս չեմ ցանկանա», «Ես եմ հորինել», «Թու թու թու», «Բալկանյան երգ»և այլն), այնպես էլ նոր գործեր: Մասնավորապես, տեղի ունեցավ Dream երգի և համանուն տեսահոլովակի պրեմիերան, որը հանդիսատեսն ընդունեց մեծ ջերմությամբ: Հնչեցին նաև ազգային-ռազմահայրենասիրական, ժողովրդական ստեղծագործություններ: Համերգային երեկոյի ընթացքում Լիլիթ Հովհաննիսյանի հետ հատուկ համարներով ելույթ ունեցան Արման Հովհաննիսյանը, Կամիլը, Նանուլիկը: Բոլոր ելույթներն ուղեկցվում էին աննախադեպ լուսային էֆեկտներով և ինքնատիպ սլայդ շոուով, անիմացիաներով: Ներկայացվեց նաև հոլովակ, թե ինչպես է արտիստը պատրաստվել համաշխարհային շրջագայությանը: Համերգի ամբողջ ընթացքն ուղեկցվեց պարային գեղեցիկ կատարումներով: Առանձնահատուկ շեշտենք, որ միայն բեմում շոուի ծրագրին մասնակցողների թիվն անցնում էր մի քանի հարյուրը, ինչն աննախադեպ է հայաստանյան շոուբիզնեսի իրականության մեջ: Հավելենք, որ հատուկ այս համերգի համար ստեղծվելու էր հայաստանյան իրականության մեջ բացառիկ մեծամասշտաբ բեմ: Ամբողջ համերգի ընթացքում Լիլիթ Հովհաննիսյանն ինտերակտիվ կերպով շփվում էր հանդիսատեսի հետ, անկեղծանում ու իր սիրտը բացում երկրպագուների առջև.ներկաներն էլ երգում ու պարում էին սիրելի երգչուհու հետ: Արտիստը շատ հուզված և շոյված էր երկրպագուների ջերմ վերաբերմունքից: Նշենք, որ Լիլիթ Հովհաննիսյանը համերգին ներկայացել էր իրեն բնորոշ յուրահատուկ և էքսկլյուզիվ բեմական հագուստներով: Լիլիթը զբաղվել է իր և մասնակից բոլոր արտիստների հագուստների դիզայնով: Ավելացնենք, որ Լիլիթ Հովհաննիսյանի Dream World Tour-ի շրջանակում համերգներ են նախատեսված Ամերիկայի Միացյալ Նահանգների, Միացյալ Թագավորության, Իսպանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Բրազիլիայի, Արգենտինայի, Կանադայի, Ուրուգվայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Շվեյցարիայի, Շվեդիայի, Դանիայի, Իսրայելի, Լատվիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Լեհաստանի, Բելառուսի, Ղազախստանի և այլ երկրների քաղաքներում: Dream World Tour-ի բոլոր համերգների ռեժիսորներն են Լիլիթ Հովհաննիսյանն ու Վահրամ Պետրոսյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր