211652_close_icon
views-count6373 դիտում article-date 23:25 09-03-2019

Արագածոտնի մարզպետը այցելել է «Ոսկեվազի Գինու Գործարան». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այցելել եմ Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքում գործող «Ոսկեվազի Գինու Գործարան», ծանոթացել եմ վերջինիս գործունեությանը և ներդրումային ծրագրերին: Գործարանը հիմնադրվել է դեռևս 1932 թվականին: Գինու պատրաստման գերժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած գործարանը պահպանել է միջնադարյան ժամանակաշրջանին բնորոշ տարրերը: Նորագույն մեթոդներով թողարկվող արտադրանքի կողքին շարունակվում են օգտագործվել դեռևս 19-րդ դարավերջին ստեղծված հին ավանդական կարասները: Տեսականին ընդգրկում է դասական, մրգային, հնացրած և լիկյորային շուրջ 16 անուն գինիներ, որոնց արտադրության մեջ օգտագործվում է միայն տեղական խաղողի տեսակները, իսկ հնեցման համար կիրառվում են կաղնուց պատրաստած տակառները: Շրջայց կատարելով մասնաշենքերով՝ գործարանի հիմնադիր Դավիթ Հովհաննիսյանը ինձ ներկայացրել է գործարանի տարածքում իրականացվող շինարարական աշխատանքները: Նախագծի համաձայն՝ տարածքը դառնալու է ինքնատիպ, մշակութային զբոսաշրջային համալիր, որտեղ այցելուները հնարավորություն են ունենալու ծանոթանալ գինեգործության ավանդույթներին, 19-րդ դարում կառուցված ստորգետնյա պահեստարանում ցուցադրվող գինու հավաքածուներին, Հայաստանի մասին օտար աղբյուրներում առաջին հիշատակություններին, միաժամանակ նրանք հնարավորություն կունենան մասնակցելու գինու համտեսին և կատարել գնումներ: Նախատեսվում է աշխատանքների մի մասն ավարտել մինչև աշուն: Գործարանի արտադրանքը այժմ արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն և իրացվում է տեղական շուկայում, սակայն առաջիկա 3 տարիների ընթացքում նախատեսվում է ընդլայնել արտահանման ծավալները և արտադրանքն իրացնել շուրջ 15 երկրներում: Ոսկեվազի գինիները ցուցադրվելով միջազգային էքպոներում՝ արժանացել են բազմաթիվ մրցանակների: Ողջունել եմ նախաձեռնությունը և նշել եմ, որ ծրագրի իրականացումը նպաստելու է ոչ միայն Արագածոտնի մարզում գինու տուրիզմի զարգացմանը, այլև նպաստելու է համայնքի ճանաչելիության բարձրացմանը և տնտեսական ակտիվություն է հաղորդելու Ոսկեվազ համայնքին: Նաև ընդգծել եմ, որ գյուղական համայնքում աշխատատեղերի ստեղծումը և խաղողի մթերումը դրական կանդրադառնան բնակիչների կենսամակարդակի վրա: Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ենք ձեռք բերել ենթակառուցվածքների ապահովումը կառավարության մասնակցությամբ իրականացվող ծրագրերի շրջանակներում ընդգրկելու հարցը քննարկելու և հետագա համագործակցության վերաբերյալ»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր