119309 դիտում
21:50 08-03-2019
Արտակարգ դեպք Լոռու մարզում. Ստեփանավանում՝ տան բակում, հայտնաբերվել է մարտական ական. այն ամեն վայրկյան կարող էր պայթել. Ստեփանավանի ոստիկանները, վտանգելով իրենց կյանքը, սահմանազատել էին տարածքն ու ականի մոտ շարել ավազե պարկեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի Համբարձումյան փողոցի թիվ 1 տան բակում մարտական ական է հայտնաբերվել:
Ինչպես Լոռու մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիովերն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Գուրջանյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության Ստեփանավանի հրշեջ- փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ փրկարարների ժամանումը, ոստիկանները, վտանգելով իրենց կյանքը, հատուկ ավազե պարկերով շրջանակի մեջ են վերցրել վտանգավոր ականը, քանի որ մասնագետների հայտնելով, այն լուրջ վտանգ է իրենից ներկայացրել և անզգույշ մի քայլ, մի փոքրիկ վրիպում՝ ականը կպայթեր:
Որոշ ժամանակ դեպքի վայրում սահմանազատելով տարածքը, ոստիկաններն ու փրկարարները ուժեղացված ծառայություն են կատարել նշված հատվածում, մինչև որ ժամանել են ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի սակրավորները:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում սակրավորներն ասում էին.
«Ականը տեղափոխման կամ համապատասխան փորձաքննության նշանակելու համար եղել է պայթյունավտանգ ու վտանգավոր, ինչի համար որոշում է կայացվել դեպքի վայրի զննությունից անմիջապես հետո այն պայթեցման եղանակով սահմանված կարգով վնասազերծել»:
Սակրավորները, երբ տեսել են, որ ոստիկաններն արդեն բնակիչներին տարհանել են, ձեռք է առնվել անվտանգության միջոցներ և որոշել են, որ պետք է ականը պայթեցվի:
Սակրավորների հմուտ գործողությունների արդյունքում ականը պայթեցման եղանակով վնասազերծվեց ու ոչնչացվեց:
Բարեբախտաբար, տուժածներ չկան: Փաստի առթիվ ոստիկանության Ստեփանավանի բաժնում նյութեր են նախապատրաստվում և պետք է պարզվի, թե ինչ պայմաններում է մարտական նռնակը հայտնվել նշված տան բակում: Կան կասկածներ, որ հնարավոր է տան տերերին վախեցնելու նպատակով նռնակը փողոցի կողմից են նետել:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Ստեփանավանի քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանի հանձնարարականով առաջին պահից դեպքի վայր են ժամանել նաև քաղաքապետարանի համապատասխան բաժինների ծառայողները:
Տեղում հերթապահություն էին իրականացնում նաև Ստեփանավանի հիվանդանոցի բուժանձնակազմը, քանի որ վտանգը լուրջ էր և ամեն պահի հնարավոր էր մարտական ականը պայթեր:
Երջանիկ պատահականությամբ երեխաներ նշված վայրում խաղալիս չեն եղել ու շնորհիվ ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողների ու Ստեփանավանի փրկարարների և ՀՀ ՊՆ N զորամասի սակրավորների՝ կանխվել է լուրջ դեպք:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 109+
109+