722 դիտում
15:30 04-03-2019
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շիրակի նորանշանակ մարզպետին
Մարտի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Շիրակի նորանշանակ մարզպետ պրն. Տիգրան Պետրոսյանին՝ ուղեկցությամբ Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր շնորհավորանքներն ու օրհնությունը բերեց մարզպետին նշանակման առիթով:
Հանդիպման ընթացքում խոսվեց 1988 թ. երկրաշարժի աղետալի հետևանքների և դրանց հաղթահարման ուղղությամբ գործադրվող ջանքերի մասին: Այս առնչությամբ Վեհափառ Հայրապետը նշեց, որ Շիրակի մարզի բնակչությունը շնորհիվ իր հավատքի և զորեղ կամքի կարողացավ ամուր և հաստատուն պահել իր ոգին:
Նորին Սրբությունը կարևորությամբ ընդգծեց, որ այսօր պետության կողմից աշխատանքներ են իրականացվում, որպեսզի Գյումրիին վերադարձվի երբեմնի փառքը: Հայոց Հայրապետը փաստեց, որ Մայր Աթոռը մշտապես իր զորակցությունն է բերել Գյումրիին` տարբեր ծրագրերի միջոցով նպաստելով սոցիալական խնդիրների լուծմանը, ինչպես նաև մշակութային կյանքի զարգացմանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը հաստատեց, որ Մայր Աթոռի և թեմի կողմից նախաձեռնված այդ ծրագրերը շարունակական կլինեն:
Անդրադառնալով թեմի հոգևոր կյանքի զորացմանը և հոգևոր դասի ծառայությանը` Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև ընդգծեց, որ շիրակցիները միշտ առանձնացել են քրիստոնեական հավատի հանդեպ նախանձախնդրությամբ և իրենց եկեղեցասեր նկարագրով:
Իր հերթին նորանշանակ մարզպետը նշեց, թե որպես հայ մարդ և հայ քրիստոնյա պատիվ է համարում գտնվել Մայր Աթոռ Ս. Էջմիածնում: Պրն. Տիգրան Պետրոսյանը Նորին Սրբությանը ներկայացրեց Շիրակի մարզի խնդիրները և առկա մարտահրավերները, անդրադարձավ մարզի զարգացման հեռանկարներին` այդ գործում կարևորելով նաև համագործակցությունը Հայոց Եկեղեցու հետ:
Վերջում Գարեգին Բ Կաթողիկոսը ուժ և կարողություն մաղթեց մարզպետին մարզի ժողովրդի բարօր ու շեն կյանքի կերտման գործում:
Նմանատիպ նյութեր
976 դիտում
20:00 19-03-2019
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Տավուշի նորանշանակ մարզպետին
1747 դիտում
15:39 06-07-2020
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Գեղարքունիքի մարզպետին և մարզային իշխանությունների ներկայացուցիչներին
Այս բաժնից
1384 դիտում
23:47 03-05-2024
Հզոր ամպրոպային ամպ․ Գագիկ Սուրենյանը երևանյան երկնքի լուսանկար է հրապարակել
859 դիտում
23:25 03-05-2024
Հավերժ 19․ Ոսկե Գևն այսօր կդառնար 23 տարեկան․ oragir.news