9913 դիտում
17:24 28-02-2019
Վերականգնվում են Զորաց Քարեր հնավայրի ավերված դամբարանից պեղված նյութերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
«Զորաց քարեր» բնակատեղի պատմամշակութային արգելոցի տարածքում նախորդ տարի շարունակվել են հնագիտական արշախախմբի պեղումները: Զորաց քարեր հնավայրի շատ տարիներ առաջ թալանված դամբարանի պեղումներից հայտնաբերված շուրջ 3000 բեկոր մաքրել ու դասակարգել են «Պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լաբորատորիայի բաժնի աշխատակիցները:
«Մի քանի ամիս տևած աշխատանքի արդյունքում խեցեղենի բեկորներից վերականգնել ենք շուրջ 150 առարկաներ` սափորներ, անոթներ, կճուճներ, քրեղան, սկուտեղ և այլն: Լաբորատորիայի վարիչ Տիգրան Զաքյանի խոսքով, դրանք թալանված դամբարանի առարկաներ էին, ամբողջական /չվնասված/ գտածո չկար:
Լաբորատորիայի աշխատակիցները ոգևորված են արդյունքներից. անսպասելի էր, որ այդքան շատ առարկա կհավաքվեր: Մասնագիտական հմտության ու բարձր պրոֆեսիոնալիզմի արդյունքում նրանք կարողացել են «մասնիկներից» ստանալ հնագիտական ամբողջական առարկայի գրեթե 70 կամ 90 տոկոսը, իսկ բացակա հատվածները կլրացվեն գիպսով` ամբողջացնելով առարկայի տեսքը:
«Անշուշտ կան առարկաներ, որոնց շուրջ 30 տոկոսն է մեզ հասել բեկորային վիճակում: Վերականգնել ենք ու առաջիկայում դրանք կհամալրեն ՊՈԱԿ-ի հնագիտության ֆոնդը, քանի որ հնագիտական բացառիկ նշանակություն ունեցող առարկաներ են», -նշել է Տիգրան Զաքյանը:
Նրա փոխանցմամբ լաբորատորիայում մաքրվել ու վերականգնվել են նաև մետաղից առարկաներ` մատանի, երկաթից նիզակ, ականջօղեր, սարդիոնից, ապակուց պատրաստված ուլունքահատիկներ, սափոր, 9,5 սմ երկարությամբ մասխիլ /մաքրելուց հետո եզրերին գծանախշեր են եղել/: Տարբեր ժամանակաշրջաններն ընդգրկող առարկաների թվում վարպետությամբ աչքի են ընկնում երվանդունիների ժամանակաշրջանով թվագրվող սափորն ու ուշ բրոնզի ժամանակաշրջանով թվագրվող ստուկեղը /40 սմ երկարությամբ ու 40 սմ լայնությամբ/:
«Աշխատանքն ավելի հետաքրքիր է, քանի որ գործ ունենք տարբեր ժամանակաշրջաններն ընդգրկող նյութի հետ», -նշում է լաբորատորիայի վերականգնող Աստղիկ Սիմոնյանը:
Ներսես Մամիկոնյանը աշխատել է մետաղի առարկաների հետ: Նրա խոսքով յուրաքանչյուր առարկայի վերականգնում հետաքրքիր է յուրովի: Չնայած բոլորն էլ առանձնահատուկ խնամք ու հոգատարություն են պահանջում:
ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Զորաց քարեր հնավայրի տարածքում պեղումներ իրականացրած արշավախմբի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանի համոզմամբ վերականգնման լաբորատորիայի աշխատակիցները շատ կարևոր, շնորհակալ ու մնայուն աշխատանք են կատարել:
«Առաջին անգամ վերականգնվում են Զորաց քարեր հնավայրի ավերված դամբարանից պեղված նյութերը: Սրանք առաջին հնագիտական «ծիծեռնակներն» են, որոնք հետագայում կզարդարեն այն ապագա թանգարանի ցուցադրությունը, որը նախատեսվում է կառուցել Զորաց քարերի մոտ՝ համաշխարհային հնավայրը դարձնելով միջազգային զբոսաշրջության կարևոր կենտրոն», -ասել է Աշոտ Փիլիպոսյանը:
Առարկաներն արդեն ՊՈԱԿ-ի նախնական ֆոնդում են` հերթական համար ու մասնագիտական նկարագրություն /բնութագիր/ ստանալուց հետո դրանք կհամալրեն ՊՈԱԿ-ի հնագիտության ֆոնդը:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժին
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
Նմանատիպ նյութեր
40203 դիտում
16:47 22-08-2018
Միջադեպ «Զորաց քարեր» հուշարձանի տարածքում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3412 դիտում
20:55 07-09-2018
Ուշացած «հոգատարություն» «Զորաց քարեր» հուշարձանի նկատմամբ . ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ