Հայաստանից մեկնած միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել Ստավրոպոլի երկրամասում. տուժել է ՀՀ 6 քաղաքացի
Հայաստանից մեկնած միկրոավտոբուսը փետրվարի 27-ի ցերեկը վթարի է ենթարկվել Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասում։ Այդ մասին հայտնումէ Interfax գործակալությունը։
Վերջինի տվյալներով՝ կան տուժածներ:
ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության երկրամասի գլխավոր վարչության մամուլի ծառայության ղեկավար Օլեգ Դեգտարյովը նշել է. «Մոսկվայի ժամանակով ժամը 12:10-ին տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ «Կավկազ» ֆեդերալ ավտոճանապարհի 223-րդ կիլոմետրի վրա՝ Կոչուբեեւսկոյե գյուղից ոչ հեռու, «Մերսեդես-Վիտո» միկոավտոբուսը, որը պատկանում Էր Հայաստանից մասնավոր անձի, շրջվել է խրամառվի մեջ»:
Միկրոավտոբուսում եղել է 6 մարդ, ներառյալ վարորդը:
«Բոլոր վեցն էլ՝ երեք տղամարդ և երեք կին, տուժել են: Նրանց տեղափոխել են Նեվիննոմիսկի քաղաքային հիվանդանոց։ Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը շրջափակված է ոստիկանության ուժերով, աշխատում են բոլոր արտակարգ ծառայությունները»,-ասել է Դեգտարյովը։
Իրազեկ աղբյուրն էլ, իր հերթին, գործակալությանը հայտնել է, որ բոլոր տուժածները Հայաստանի քաղաքացիներ են: