211652_close_icon
views-count2235 դիտում article-date 14:14 25-02-2019

Ունենք 2 ճանապարհ՝ կամ մարտի 1-ը դարձնել թշնամանքի և անվերջանալի հաշվեհարդարների մոտիվ, կամ պետության համար բացել մարտի 2-ի էջը. Վահե Հովհաննիսյան

Մենք ունեցել ենք մարտի 1: Սա փաստ է, սա ողբերգություն է։ Մենք ունենք երկու ճանապարհ. այս մասին իր «Ի՞նչ է կատարվում Հայաստանում-2» հոդվածում նշել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը: Հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. Բոլոր ժողովուրդներն ունենում են ցավոտ թեմաներ, ողբերգական դրվագներ։ Փորձությունից թրծված և ամրացած են դուրս գալիս ու որպես հասարակություն կայանում են նրանք, որոնք կարողանում են բաց խոսել խնդիրների մասին, անցնել դժվար խոսակցության փուլը, վերլուծել ու հասկանալ կատարվածի արմատները։ Այդ պրոցեսի արդյունքում է հասունանում հասարակության՝ նոր ողբերգություններ թույլ չտալու ունակությունը։ Մենք ունեցել ենք մարտի 1: Սա փաստ է, սա ողբերգություն է։ Մենք ունենք երկու ճանապարհ. կամ դարձնել այն փոխադարձ, բազմակողմ ատելության, թշնամանքի և անվերջանալի հաշվեհարդարների մոտիվ, կամ՝ գնալ ներհասարակական դժվար, գուցե շա՛տ դժվար խոսակցության, ու պետության համար բացել մարտի 2-ի էջը։ Շատ կարևոր է, որ հիմա՝ այս փուլում, մարդիկ իրենց մեջ ուժ գտնեն ու պնդեն երկրորդ տարբերակի կարևորությունը։ Սա՛ է քաղաքացիական կեցվածքը։ Մյուսը հեշտ է՝ թաքնվել իշխանական ու սոցցանցային այսօրվա տրենդի հետևում ու պահանջել սրան կամ նրան բռնել։ Սա այսօր նույնքան հեշտ է, որքան ժամանակին հեշտ էր բարձրաձայն կամ լուռ պահանջել, ասենք, Ն. Փաշինյանի հետապնդումը և կալանքը (խոսքը միայն իշխանության մեջ գտնվողների մասին չէ)։ Ի՞նչ է նշանակում դժվար, բաց խոսակցության ճանապարհը։ Դրանք մի խումբ հարցեր են և տեսակետեր, որոնք պետք է հնչեցվեն, ու որոնք կարող են դուր չգալ տարբեր շրջանակների՝ հներին, ավելի հներին, ամենահներին ու նորերին։ Մարտի 1-ի խորքային պատճառները 1. Ի վերջո պետք է ընդունենք, որ ներքաղաքական այլասերումների հիմքը երկրում ընտրական մեխանիզմների այլասերումն է։ Պետության առաջին տարիներից՝ 1995-96թթ. հետընտրական զարգացումներով մեկնարկած, 25 տարի շարունակվող՝ ընտրական համակարգերի հանդեպ տոտալ անվստահությունը և հարյուր հազարավոր քաղաքացիներով ընտրակեղծարարությանը տարիներ շարունակ մասնակցելը երկրում արմատավորել է ստի գերակայությունը։ Չափազանց մեծ թվով ՀՀ քաղաքացիներ են ինքնակամ կամ պարտադրված մասնակցել կեղծիքներին։ Ժողովուրդներն ունենում են ամոթալի էջեր, բայց միայն խիզախորեն դրանց մասին խոսելով է հնարավոր առաջընթաց։ Մեծ ստից սկսվում է պառակտում, անհանդուրժողականություն, թշնամանք։ Ընտրական մեխանիզմների այլասերումը բնականորեն բերեց քաղաքական դաշտի խեղման։ Որպես հետևանք՝ հասարակությունը դադարեց հասունանալ, զարգանալ իր բնական ձևով, ընտրական համակարգի խեղումը խեղեց ողջ հասարակությունը, ինչի հետևանքները մենք այսօր բացահայտում ենք բոլոր ոլորտներում։ Ուրեմն լուծենք այդ հարցը։ Մեկընդմիշտ՝ օրենքներով, տեխնիկական միջոցներով ամրացնենք ընտրական մեխանիզմները, որպեսզի սկսվի հասարակության առողջացումը։ Սա կլինի ամենաիրական հեղափոխությունը։ Չի հասկացվում, թե ինչու դա դեռևս չի արվում։ 2. Հաջորդ խորքային խնդիրը հասարակության տարբեր շերտերի արհեստական մեկուսացումն է, աշխատանքի և ինքնադրսևորման անհնարինությունը։ Սա սկսվեց «եթե ՀՀՇ չես, ապա օտար ես» փուլից, 1998-ից դարձավ խաղի կանոն՝ արդեն այլ կուսակցական դերաբաշխմամբ, իսկ 2008-ից ընդհանրապես վերաճեց բոլոր համակարգերի գռեհիկ և տոտալ հհկ-ակացման։ Սրա արդյունքում հազարավոր գրագետ, ունակ մարդիկ դուրս էին մնում պետության կյանքին մասնակցելու, աշխատելու և ինքնադրսևորվելու պրոցեսից։ Նրանց մնում էր երկու ճանապարհ՝ արտագաղթել կամ տարիներով լցվել չարությամբ ու սպասել վրեժի հնարավորությանը։ Մի անգամ դա պայթեց 2008-ին, մյուս անգամ՝ 2018-ին։ Չհասկանալ սա՝ նշանակում է գնալ նույն ճանապարհով ու քայլ առ քայլ գեներացնել հաջորդ պայթյունը։ Սա է պատասխանն այն հարցի, թե որտեղի՞ց այդքան մարդկային և էմոցիոնալ ռեսուրս՝ ագրեսիվ պայթյունների համար։ 10-ական տարվա ցիկլերով մարդիկ չեն ունեցել ինքնառեալիզացիայի և աշխատանքի պարզ հնարավորություն։ Արվե՞լ է արդյոք հետևություն, չկա՞ արդյոք հիմա նույն տենդենցը։ Արդյո՞ք հիմա նորից չեն փակվում պետական, հանրային համակարգերը՝ նոր իշխող ուժի տիրույթում։ 3. Մյուս՝ չափազանց կարևոր գործոնը երկրի սակավ ռեսուրսների կենտրոնացումն է մերձիշխանական շրջանակներում։ Այլ կերպ ասած՝ իշխանությունից դուրս փող չկա, ու եթե դու իշխանություն չես, ուրեմն չես կարող գործել, ստեղծել, աշխատել, բիզնես անել, բեմադրել, ձայնագրել և այլն։ Փողի աղբյուրները քիչ են՝ Հայաստանում նույն մի քանի խոշոր հիմնարկներն են ու սփյուռքի նույն մի քանի դոնորները։ Վերջապես պիտի հրաժարվենք սակավ ռեսուրսների գերկենտրոնացումից ու ստեղծենք մեխանիզմներ, որ դրանք բաշխվեն ավելի լայն շերտերի միջև։ Դա կլինի իսկական հեղափոխություն։ Արդյո՞ք հիմա չի կրկնվում նույն սխալը։ Մարտի 1-ի հերթական մեղավորները Ողբերգությունից անմիջապես հետո սկսվեց մեղավորների անձնավորված փնտրտուքը։ Սա ժանրի տրամաբանությունն է։ Եվ նույն ժանրի տրամաբանությունն է նաև՝ մեղավորներին հարմարեցնել պահի քաղաքական կոնյունկտուրային։ Մարտի 1- ից անմիջապես հետո իշխանությունը դեպքերի «հիմնական մեղավոր» նշանակեց Նիկոլ Փաշինյանին։ Դա իհարկե ճշմարտություն չէր, սակայն պահի կոնյունկտուրան և շատերի շահերը համընկել էին։ Իշխանությունը չէր կարող ինքն իրեն մեղավոր հռչակել՝ այնպես, ինչպես չէր կարող (կամ չէր ուզում) մեղավոր հռչակել ընդդիմության առաջնորդին։ Նախ՝ դա չէր ընկալվի արտաքին աշխարհում, և մյուս կողմից՝ անհրաժեշտ էր մեկը, որի հետ պետք էր բանակցել, երկխոսել՝ մթնոլորտի հանդարտեցման և այլ հարցերի շուրջ։ Բայց մեղավորի հաստիքը թափուր մնալ չէր կարող։ Հենց այդ պատճառով առաջին փուլում Նիկոլ Փաշինյանը «նշանակվեց» հիմնական մեղավոր։ Գրեթե կոնսենսուսով։ Որոշ ժամանակ անց քաղաքական կոնյունկտուրան փոխվեց, պետք եղավ նոր մեղավոր, առջևում խորհրդարանական ընտրություններ էին, և աստիճանաբար հրապարակն ու ընդդիմության նոր թևերը մեղավոր «նշանակեցին» Սերժ Սարգսյանին (տես՝ տարբեր տարիների մարտի 1-ի հանրահավաքների շեշտադրումների նկատելի փոփոխությունները)։ Սա իհարկե, նույնպես ճիշտ չէր, պարզապես տվյալ պահի քաղաքական շահերն այդպես էին պահանջում։ Հետո անցավ ժամանակ, հանդարտվեցին ընտրական կրքերը, և մի անտեսանելի ձեռք կարողացավ գտնել այդ պահից գրեթե բոլոր կողմերին բավարարող տարբերակ՝ ամեն ինչ բարդել միայն Ռ. Քոչարյանի վրա, մանավանդ որ վերջինս դուրս էր քաղաքական պրոցեսներից և չուներ ու չէր ստեղծում հակազդման մեխանիզմներ։ Սա սողացող պրոցես էր, արվում էր դանդաղ, գրագետ, ամենակարևորը՝ բոլորին ձեռք էր տալիս։ 2018-ին անհրաժեշտ եղավ նոր մեղավորի լեգիտիմացում։ Եվ, վերջին տարիներին ձևավորված հանրային կարծիքի ֆոնին, նոր իշխանությունը, տարբեր շրջանակների հետ շահերի ակնհայտ համընկնումով, միակ մեղավոր նշանակեց Ռ. Քոչարյանին, ինչը դարձյալ ճիշտ չէ։ Ֆոնային մեղավորությունը դրվեց բանակի և հրամկազմի վրա, ինչը բացարձակ անթույլատրելի է։ Բայց դա է պահանջում այսօրվա քաղաքական կոնյունկտուրան։ Մեղավորների փնտրտուքի տասնամյա պատմությունը հուշում է, որ այն պահից, երբ կփոխվի իրավիճակը և կձևավովի նոր քաղաքական կոնյունկտուրա, ամենայն հավանականությամբ կա՛մ կլինի դարձ ի շրջանս յուր, կա՛մ «կնշանակվի» նոր մեղավոր։ Արդյո՞ք սա ենք մենք ուզում։ Արդյո՞ք սա է մարտի մեկի լուծման միակ բանալին։ Համաժողովրդական պահանջի միֆերը Ցանկացած իշխանություն իր քայլերը սովորաբար արդարացնում է ժողովրդի պահանջով։ Իրականում ժողովրդական պահանջի ցուցիչները շատ անցողիկ են և ամուր հիմք չեն։ Եթե մենք պետք է մարտի 1-ի մասին բաց խոսենք, ապա պետք է քաջություն ունենանք՝ վերհիշելու մի քանի փաստ։ Մարտի 1-ից ընդամենը մեկ տարի անց՝ 2009-ին, Երևանի ավագանու ընտրություններում ընդդիմությունը՝ նոմինալ առաջնորդ Լ. Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, պարտվում է հայտնի Գագիկ Բեգլարյանին։ Ձայների պատկառելի տարբերությամբ։ Սա նոնսենս էր։ Երևանի, համայն հայության մայրաքաղաքի բնակիչները մարտի 1-ի ողբերգությունից ընդամենը մեկ տարի անց, երբ թարմ էին բոլոր վերքերը և բանտերը լիքն էին, չի արտահայտում իր վերաբերմունքը։ Չի արտահայտում իր վիշտը, իր անհամաձայնությունը։ Կասեք՝ կեղծել են, գործել է պետական մեքենան։ Իհարկե։ Բայց համընդհանուր ընդվզման, համընդհանուր կոնսոլիդացնող գաղափարի պարագայում ոչ մի կեղծիքի մեքենա չի կարող աշխատել։ Այստեղ մտածելու շատ բան կա։ Մարտի 1-ից քիչ անց՝ 2010-ին, անազատության մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանը Երևանի ընտրատարածքներից մեկում պարտվում է Գեղամյանի կուսակցությունից պեղված ինչ-որ մեկին։ Ստանում է ընդամենը 4650 ձայն։ Սա այն դեպքում, երբ Երևանի բոլոր պրոգրեսիվ շրջանակները հատ-հատ հեռու մոտիկ ծանոթ, բարեկամ, ընկեր էին ման գալիս, որ ուղղորդեն՝ անազատության մեջ գտնվող Նիկոլի օգտին քվեարկելու։ Կասեք՝ գործի էր դրվել պետական համակարգը, ուժայիններին, գողականը և այլն։ Իհարկե, գործի էր դրվել, բայց ուրեմն ո՞ւր մնացին պատվախնդրությունը, համընդհանուր ընդվզումը, կոնսոլիդացված աջակցությունն իրենց հերոսին և այլն։ Ինչո՞ւ եմ ես սա հիշեցնում, որովհետև շատ վտանգավոր է՝ ներշնչվել և շարժվել համոզմամբ, թե ժողովուրդն այդպես է ուզում, այդպես է պահանջում, սա համաժողովրդական պատվեր է և այլն։ Դա ծուղակ է։ Ժողովուրդն այսօր պահանջում է սա, վաղը՝ լրիվ հակառակը։ Հարցի ընթացիկ վիճակը Նոր իշխանությունը գնում է անվերջանալի դատական պրոցեսի ճանապարհով։ Ի՞նչ է սա ենթադրում։ Ենթադրում է, մի կողմից, մեղադրողի՝ իշխանության, կոնսոլիդացված ջանքերը՝ ներգրավելով ավանդաբար հնազանդ իրավապահ համակարգն իր տարբեր բաղադրիչներով (համակարգ, որը ժամանակին դատում էր իրենց), և մյուս կողմից՝ համարժեք պաշտպանություն՝ հնարավոր բոլոր գործիքների կիրառմամբ։ Հարձակում և պաշտպանություն։ Հանրային արբիտրաժի, հասարակությանը հուզող խորքային խնդիրների վերհանման ու դրանց լուծումների որոնման, մթնոլորտի առողջացման, այդպիսով՝ հարցի իրական «տիրոջ» ներգրավման մասին նման պարագայում խոսք չի կարող լինել։ «Այսօր դու ինձ, վաղը ես քեզ» փակ շրջանի հերթական արարն է սա, որտեղ տեղ չկա իրական հանրային երկխոսության համար, որտեղ չկա երրորդ ուժը՝ որպես անաչառ արբիտր։ Երրորդ կողմի ձևավորումը Հայաստանը հերթական անձնավորված փակուղուց հանելու միակ ձևն է։ Երրորդ կողմի, այն է՝ գիտակից, պահանջատեր հասարակության ձևավորումը այսօր հրամայական է։ Սա ենթադրում է նոր հայացք, նոր տեսակետ, նոր հարցադրումներ բոլոր կարևոր խնդիրներին, այդ թվում՝ մարտի 1-ին։ Ինչքան ինտենսիվ ձևավորվի երրորդ կողմը, այնքան արագ դուրս կգանք անձնական վրեժի, երկրի խնդիրների մասին պարզունակ պատկերացումների ու հնին վերադարձի շրջապտույտից։ Նորից՝ ամենակարևորի մասին Մարտի 1-ը ունի լուծման երկու կարևորագույն ուղղություն. նախ՝ հարգանք և խոնարհում զոհերի ընտանիքներին, փոխհատուցում, հասարակական համերաշխության օրվա հռչակում։ Մյուս ուղղությունը պետք է փնտրել քաղաքական և հանրային դաշտում։ Պետք է տեսնել այդ իրադարձությունների խորքային պատճառները, խոսել դրանց մասին։ Պետք է շարժվել որևէ հետագա Մարտի մեկ ի սկզբանե բացառելու ուղղությամբ՝ փոխելով երկիրը, ընտրական համակարգը, հասարակություն-պետություն կապի տրամաբանությունն այնպե՛ս, որ այլևս տեղի չունենա բացասական լիցքերի նման վտանգավոր կուտակում։ Պետք է դադարել՝ հասարակությանը մշտապես լարվածության, սթրեսի և ներքին պառակտումների մեջ պահել, սնել դեստրուկտիվ մթնոլորտով. պետք է թույլ տալ, որ հասարակությունը սկսի վերջապես իր բնականոն կյանքը։ Արդարության պահանջի իրացումը պետք է վերջապես սկսի իրականացվել ազատ ընտրությունների, իրավունքի ինստիտուտի, հանրային մասնակցելիության կայացման միջոցով։ Էմոցիաների աճուրդի փուլը մի պահից պիտի ավարտվի։ Միայն այդպես մենք կստեղծենք այլևս երբեք նման ողբերգություն չունենալու մեխանիզմներ, միայն այդպես կզարգանա հասարակությունը, և միայն այդպես կբացվի մարտի 2-ի էջը պետության համար։

Նմանատիպ նյութեր