211652_close_icon
views-count1886 դիտում article-date 16:14 20-02-2019

Դեսպան Արա Այվազյանը մասնակցել է Մեքսիկայի նախագահի կողմից ռեզիդենտ և համատեղության կարգով հավատարմագրված դիվանագիտական կորպուսին Նոր տարվա ողջույնի պաշտոնական արարողությանը

Փետրվարի 12-16-ը Մեքսիկայում ՀՀ դեսպան Արա Այվազյանն աշխատանքային այցով գտնվում էր Կոստա Ռիկայում։ Փետրվարի 13-ին կայացավ երկրի նախագահ Կառլոս Ալվարադո Կեսադայի (Carlos Alvarado Quesada) կողմից ռեզիդենտ և համատեղության կարգով հավատարմագրված դիվանագիտական կորպուսին Նոր տարվա ողջույնի պաշտոնական արարողությունը, որին մասնակցեց նաև Հայաստանի դեսպանը։ Այցի ընթացքում հանդիպումներ տեղի ունեցան երկրի օրենսդիր, գործադիր և գործարար շրջանակների հետ։ Փետրվարի 14-ին Արա Այվազյանը հանդիպումներ ունեցավ Կոստա Ռիկայի Օրենսդիր ժողովի փոխխոսնակ, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի քարտուղար Մարիա Ինես Սոլիս Կիրոսի (María Inés Solís Quirós), արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կարինե Նինյոս Գուտյերեսի (Karine Nino Gutierrez), Հայաստանի հետ պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Սիոմարա Ռոդրիգես Էրնանդեսի(Xiomara Rodriguez Hernandez) հետ։ Քննարկվեցին երկու երկրների միջև միջխորհրդարանական կապերի զարգացման, այդ ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկման, մասնավորապես՝ փոխայցերի կազմակերպմանն առնչվող հարցեր։ Փետրվարի 15-ին դեսպան Այվազյանին ընդունեց Կոստա Ռիկայի արտաքին հարաբերությունների և պաշտամունքի նախարար Մանուել Վենտուրա Ռոբլեսը (Manuel Ventura Robles)։ Զրույցի ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Կոստա Ռիկայի երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգին առնչվող հարցեր, մասնավորապես՝ իրավական դաշտի ընդլայնումը, փոխայցելությունների կազմակերպումը, տնտեսական համագործակցության զարգացումը։ Անդրադարձ եղավ միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակին: Կոստա Ռիկա այցի ընթացքում ՀՀ դեսպանը հանդիպումներ ունեցավ նաև գործարար շրջանակների հետ, որոնց ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Կոստա Ռիկայի միջև տնտեսական համագործակցության հեռանկարները։ Առանձին հանդիպում կայացավ Կոստա Ռիկայի փոքրաթիվ հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Նմանատիպ նյութեր