211652_close_icon
views-count3205 դիտում article-date 09:37 08-02-2019

Թուրքիան փորձում է բարելավել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ․ «Ամերիկայի ձայն»

Վերջին ամիսներին թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացումը ծանր հարված հասցրեց Թուրքիայի տնտեսությանը: Այսօր Անկարան փորձում է բարելավել հարաբերությունները Վաշինգտոնի հետ: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4778018.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Թուրքիան ջանքեր է գործադրում Միացյալ Նահանգների հետ վերջերս վատթարացած հարաբերությունները կարգավորելու նպատակով, Վաշինգտոնում անցած քննարկման ընթացքում հայտարարեց Թուրքիայի փոխարտգործնախարար Սեդաթ Յունալը. «Մենք մեր կողմից անում ենք ամեն ինչ՝ տարաձայնությունները նվազեցնելու և ընդհանրությունները ամրապնդելու համար»: Թեև Սառը պատերազմի տարիներին Թուրքիան կարևոր դեր էր կատարում որպես ՆԱՏՕ-ի անդամ-պետություն, Խորհրդային Միության փլուզումից հետո հարաբերությունները Արևմուտքի դաշնակիցների հետ որոշակի փոփոխություն կրեցին, նշեց Յունալը՝ ավելացնելով, որ այժմ հաշվի են առնվում նաև այլ գործոններ: Նշենք, որ գործոնների թվում է Թուրքիայում մարդու իրավունքների նկատմամբ կոպիտ խախտումները, որոնց մասին նշում են Վաշինգտոնում: Թուրքիան նաև ԱՄՆ-ի դիրքորոշման դեմ է Վենեսուելայի հարցում, որտեղ ամերիկյան կողմն աջակցել է ժողովրդի ազատության պահանջը: Փոխարենը՝ Անկարան աջակցում է Մադուրոյի բռնակալ ռեժիմին: «Մենք դեմ ենք, որ ընտրյալ ղեկավարները փոխվեն որևէ այլ կերպ, քան հաջորդ ընտրությունների միջոցով: Հենց այսպես», - Թուրքիայի փոխարտգործնախարարը սակայն չմանրամասնեց, թե ինչ պետք է անի ժողովուրդը, երբ ընտրությունները կեղծվում են: Մեկ այլ խնդիր, որտեղ Անկարան Արևմտյան աշխարհի դեմ է դուրս եկել, Մոսկվայի և Թեհրանի հետ Սիրիայի հարցում համագործակցությունն է: Սեդաթ Յունալի խոսքով, Ռուսաստանը Թուրքիայի գործընկերն է. «Մենք նրանց որպես վտանգ չենք դիտարկում: Յուրաքանչյուր երկիր ունի սեփական շահերը և մենք փորձում ենք կայունացնել երկիրը»: Յունալի խոսքով, Միացյալ Նահանգների հետ տարաձայնությունները կարգավորելու համար Թուրքիան աշխատանքային խմբեր է ստեղծել, որոնք փորձելու են կլոր սեղանի շուրջ քննարկել բոլոր հարցերը: Լրագրողների հարցերին Թուրքիայի փոխարտգործնախարարը հրաժարվեց պատասխանել՝ ասելով, որ որևէ հարցազրույց չի տալիս: Հիշեցնենք, 2018-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի դեմ կոշտ տնտեսական պատժամիջոցներ էր ընդունել՝ պահանջելով ամերիկացի եկեղեցականին ազատ արձակել Թուրքիայի բանտից: Ու թեև Թուրքիայի դեմ Ամերիկայի կոշտ պատժամիջոցները շարունակվեցին ընդամենը մի քանի շաբաթ, դրանց հետևանքով Թուրքիայի տնտեսությունը մինչ օրս անկում է ապրում: Այս հունվարին Դոնալդ Թրամփը նաև սպառնացել էր կործանել Թուրքիան տնտեսապես, եթե այն Սիրիայի տարածքում հարձակում իրականացնի ԱՄՆ-ի դաշնակից քրդերի դեմ:

Նմանատիպ նյութեր