211652_close_icon
views-count957 դիտում article-date 18:30 07-02-2019

Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պավել Չեպլակին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 7-ին ընդունել է Հայաստանում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պավել Չեպլակին: Արարատ Միրզոյանը, ողջունելով դեսպանին, շնորհակալություն է հայտնել Լեհաստանի Հանրապետության Սեյմի Մարշալեկ Մարեկ Կուխչինսկիին՝ Հայաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ շնորհավորանքի համար: Օրենսդիր մարմնի ղեկավարը նշել է, որ հայ-լեհական հարաբերությունները հիմնված են երկու բարեկամ ժողովուրդների ամուր կապերի վրա՝ համոզմունք հայտնելով, որ համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի նոր շունչ հաղորդել այդ հարաբերություններին: Կարեւորելով միջխորհրդարանական համագործակցության զարգացումը՝ այդ հարցում Ազգային ժողովի նախագահն ընդգծել է փոխայցերը եւ պատգամավորական բարեկամական խմբերի ակտիվ աշխատանքն ու շփումները: Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Լեհաստանի իշխանությունների՝ լեհահայերի նկատմամբ դարեր շարունակ ցուցաբերած ջերմ վերաբերմունքը՝ գոհունակությամբ նշելով, որ հայերը իրենց աշխատանքով ու նվիրվածությամբ զգալի ներդրում ունեն Լեհաստանի կյանքի ամենատարբեր ոլորտներում: Պավել Չեպլակն իր հերթին կարեւորել է համագործակցության զարգացումը բոլոր բնագավառներում՝ նշելով, որ դրանց ընդլայնման հարցում կարեւոր դեր կարող են ունենալ միջխորհրդարանական կապերը, բարեկամական խմբերի արդյունավետ շփումները: Դեսպանը խորհրդարանի ղեկավարին է ներկայացրել այն ծրագրերը եւ միջոցառումները, որոնք արդեն նախանշվել են միջխորհրդարանական համագործակցության շրջանակներում: Զրուցակիցները մտքեր են փոխանակել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերում համագործակցության խորացման հեռանկարների եւ հնարավորությունների շուրջ:

Նմանատիպ նյութեր