2467 դիտում
18:12 06-02-2019
ԵՊՀ մի շարք գիտաշխատողներ ԵՊՀ կենտրոնական մասնաշենքից քայլերթով գնացել են դեպի ՀՀ կառավարության շենք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ԵՊՀ մի շարք գիտաշխատողներ այսօր ԵՊՀ կենտրոնական մասնաշենքից քայլերթով գնացին դեպի ՀՀ կառավարության շենք՝ պահանջելով անվավեր ճանաչել 2018 պետության կողմից տրամադրվող բազային ֆինանսավորման ձևի փոփոխության մասին որոշումը:
Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարության կողմից 2018 թվականի դեկտեմբերի 27-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման համաձայն՝ պետության կողմից տրամադրվող գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորումը սահմանվել էր որպես դրամաշնորհ, և որոշվել էր այսուհետ այն հատկացնել մրցութային ընթացակարգով:
Ընդունված որոշման հետևանքների մասին ԵՊՀ գիտաշխատողները բազմիցս հայտնել են իրենց դիրքորոշումները՝ փաստելով, որ այն բացասական հետևանքներ կունենա և կվնասի գիտությանը: Այս հարցի վերաբերյալ իր դիրքորոշումն է հայտնել ԵՊՀ գիտխորհուրդը, ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանն էլ հանդիպել է լրագրողների հետ և պարզաբանել խնդիրը:
Այսօր արդեն գիտաշխատողները «Հանուն գիտության», «Չթողնենք, որ գիտությունը վերանա» կոչերով և «#գիտություն» պաստառներով ԵՊՀ կենտրոնական մասնաշենքից հասան դեպի ՀՀ կառավարության շենք՝ իրենց դիմում-առաջարկությունը փոխանցելու պատկան մարմիններին և հարցի վերաբերյալ որոշակի արձագանք ստանալու:
Քայլերթի ժամանակ մեզ հետ զրույցում ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Հովհաննես Ադոնցն ասաց, որ մասնակցում է բողոքի ցույցին, քանի որ կրթագիտական ոլորտի շահառու է և մտահոգված է, թե ինչ ապագա կունենա այն. «Կարծում եմ՝ այսօր համապատասխան վերաբերմունք չի ցուցաբերվում այս ոլորտին և չեն պահպանվում դրա ներկայացուցիչների շահերը»:
ՀՀ կառավարության շենքի դիմաց գիտաշխատողները տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչների համար պարզաբանեցին, թե որն է իրենց պահանջը: ԵՊՀ կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոնի կրտսեր գիտաշխատող, ֆիզմաթ. գիտությունների թեկնածու Հայկ Զաքարյանն ասաց, որ պահանջում են հարցի վերջնական լուծում՝ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված:
Հայկ Զաքարյանը փաստեց, որ բազային ֆինանսավորումը նախքան այս նորամուծությունը մրցույթով չի եղել, բայց միշտ էլ իրականացվել են մոնիթորինգներ և ստուգումներ. «Այսինքն՝ այն վարկածը, թե մրցութային ընթացակարգով ֆինանսավորումը արդյունավետության խնդիր է լուծում, իրականում թյուրըմբռնում է»:
ԵՊՀ ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրեն Աննա Քոթանջյանն ասաց, որ ԵՊՀ-ում դեմ չեն մրցութային կարգին, բայց դեմ են նման կտրուկ շրջադարձերին. «Այսպիսի հապճեպ որոշումներ կայացնելը խաթարում է մեր բնականոն աշխատանքը: Մենք բազմաթիվ միջոցառումներ, միջազգային համաժողովներ ենք պլանավորել, որոնք պետք է իրականացնենք, բայց այսօր չգիտենք, թե աշխատանքային ինչ կարգավիճակ ենք ունենալու մոտ ապագայում: Այսինքն՝ կկարողանա՞նք դրանք իրականացնել, թե՞ ոչ»:
ԵՊՀ անօրգանական քիմիայի ամբիոնի բազային լաբորատորիայի ավագ գիտաշխատող Գևորգ Գրիգորյանը նշեց, որ բողոքի ցույցը քաղաքական որևէ ենթատեքստ չունի. «Չենք պատրաստվում որևէ մեկի հրաժարականը պահանջել, կամ այլ կոչերով հանդես գալ: Պարզապես այստեղ ենք, որ մատնանշենք որոշման բացթողումները և դրանից բխող բացասական հետևանքները: Հուսով ենք՝ ամեն ինչ լավ կվերջանա»:
ԵՊՀ կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոնի կրտսեր գիտաշխատող Հայկ Զաքարյանն ընթերցեց գիտաշխատողների դիմում-առաջարկը, որով պահանջվում է կասեցնել կառավարության 1515-Ն որոշումը, կազմակերպել հանրային քննարկումներ գիտության ֆինանսավորման մեխանիզմների, մասնավորապես բազային ֆինանսավորման, կատարելագործման և բարելավման համար ու նախքան գիտության վերաբերյալ ցանկացած որոշում կայացնելը՝ հանրայնորեն քննարկել այն գիտական համայնքի հետ:
«Ամենևին կասկածի տակ չդնելով գիտական և գիտակրթական ոլորտներում բարեփոխումների անհրաժեշտությունը՝ հույս ունենք, որ կառավարությունը հնարավորություն կգտնի փոփոխություններ կատարելու նշված որոշման մեջ: Հետագայում անհրաժեշտ է գիտական ոլորտի աշխատողների լայն մասնակցությամբ մշակել գիտության մասին նոր օրենք՝ սահուն անցում իրականացնելով դեպի ավելի արդյունավետ գիտական և գիտակրթական համակարգ»,- նշված է դիմումի մեջ:
Գիտական համայնքի ներկայացուցիչները ստորագրեցին փաստաթուղթը, որը հանձնվեց պատկան մարմիններին:
Ի դեպ, ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում որոշում կայացվեց տրամադրել հիմնադրամի կամ ՓԲԸ կարգավիճակ ունեցող կազմակերպություններին 2019 թվականի բազային և նպատակային ծրագրային ֆինանսավորումը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
1591 դիտում
17:06 27-12-2022
Արցախցիները քայլերթով շարժվում են դեպի ՌԴ խաղաղապահ զորախմբի ռազմաբազա
688 դիտում
23:25 20-12-2024
ԳԱԱ որոշ գիտաշխատողներ աշխատում են ընդդեմ սեփական պետության․ Հայկ Դեմոյան
Այս բաժնից
550 դիտում
09:09 21-12-2024
Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում
688 դիտում
23:25 20-12-2024
ԳԱԱ որոշ գիտաշխատողներ աշխատում են ընդդեմ սեփական պետության․ Հայկ Դեմոյան
964 դիտում
22:34 20-12-2024
Տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ