2383 դիտում
15:16 06-02-2019
Վերանորոգած դպրոցները երեխաները չեն քանդում․ քննարկվել է դպրոցների սեյսմակայունության բարելավման հարցը
Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է որոշում ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև իրականացվող Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում նոր դպրոցական շենքերի կառուցման համար ներկայումս առկա շենք շինությունների քանդման գործընթացը ՀՀ օրենսդրությամբ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված։
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ ծրագրի շրջանակում ներկայումս իրականացվում է Երևանի Մուրացանի անվան թիվ 18 հիմնական դպրոցի, Հակոբ Կոջոյանի անվան թիվ 15 կրթահամալիրի, Հ. Կարապենցի անվան թիվ 6 հիմնական դպրոցի և «Հերացի» ավագ դպրոցի ուժեղացման աշխատանքների նախագծման աշխատանքները: Առաջիկայում նախատեսվում է սկսել նաև Երևանի՝ Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 95 միջնակարգ դպրոցի և թիվ 116 հիմնական դպրոցի նախագծային աշխատանքները:
Քննարկման արդյունքում առաջարկվեց պահպանել դպրոցների ճակատային պատերը, ամրացնել դրանք և կառուցել նոր դպրոցներ նույն տեղում: Իսկ, Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 95 միջնակարգ և թիվ 116 հիմնական դպրոցները նախատեսվում է քանդել ամբողջությամբ, քանի որ տեխնիկական փորձաքննության եզրակացության համաձայն դրանք ամրացման ենթակա չեն:
Վերոնշյալ դպրոցների շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել 2019 թվականին:
Ծրագրի պահանջներից է, որ 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի դեպքում շենքերը չքանդվեն, այս նպատակով նախագծերն անցնում են նաև միջազգային փորձաքննություն:
Կառավարության որոշման ընդունման դեպքում հնարավոր կլինի իրականացնել ծրագրի շրջանակում ընդգրկված թվով 6 դպրոցական շենք-շինությունների քանդման աշխատանքների իրականացումը՝ ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան:
Սուրեն Պապիկյանը նշեց, որ հաստատված կա ընդհանուր 46 դպրոց, և ընտրել են առավել խոցելիները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ 80 միլիոն դոլարի վարկային ծրագիր ունեն, ինչը ոչ բոլորին է բավարար: Նա հետաքրքրվեց, որ եթե գումար ունեն, դպրոցներ՝ ևս, ապա ինչո՞ւ են այս տեմպով առաջ գնում:
Փաշինյանը նշեց, որ տեմպը մեծացնելու խնդիր ունեն, իսկ նախարարը պատասխանեց, որ համաֆինանսավորման խնդիր կար:
«Ինչո՞ւ մենք ամեն շաբաթ մեկ դպրոցի, երեք-չորս դպրոցի հարց չենք լուծում, ինչո՞ւ բոլորի ուղղությամբ չենք գնում առաջ, պետք է առաջ գնալ առանց քննարկման, պետք է համաֆինանսավորման աղբյուրներ գտնել և գնալ առաջ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Բացի այդ, վարչապետը կարևորեց, որ որակի նկատմամբ վերահսկողությունը բարձր լինի: «Մի քանի տեղեր, որ մտնում ես, ավարտական կառույցի գլխին ոնց որ գրված է՝ պետական շինարարություն, այսինքն՝ պետական շինարարությունը մեր ընկալումներում չի փոխվում, որ պետական շինարարություն է, կարող մի քիչ ծուռ լինել, գույնն այն չլինել, իսկ երբ սեփական շինարարություն է, ամեն անկյունը տյունինգ արած պետք է լինի. այս տրամաբանությունը պետք է փոխենք: Պետք է փոխենք, թե հա դե դպրոց է, մեկ է՝ երեխեքը քանդելու են. դուք սարքեք, թող երեխեքը քանդեն, ոչ թե դուք քանդեք, երեխեքը քանդելու բան չունենան»,- կատակեց նա:
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր հերթին նկատեց, որ փորձը ցույց է տալիս, որ վերանորոգած դպրոցները երեխաները չեն քանդում:
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն էլ հավելեց, որ սեյսմիկ կայունության խնդիր շատ դպրոցներ ունեն, և այդ թիվը տասն անգամ ավելի է, և 400-ի մասին է խոսքը:
Նմանատիպ նյութեր
1015 դիտում
21:39 02-10-2023
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել է բնակարանային ֆոնդի սեյսմակայունության բարձրացման ծրագիր մշակելու հարցը
946 դիտում
22:40 02-10-2023
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել է բնակարանային ֆոնդի սեյսմակայունության բարձրացման ծրագիր մշակելու հարցը
Այս բաժնից
1003 դիտում
16:57 23-11-2024
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին
1153 դիտում
16:28 23-11-2024
Հայկ Մամիջանյանը, Տարոն Մարգարյանը և Հայկ Սարգսյանը կգործուղվեն Մոսկվա
739 դիտում
15:51 23-11-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կնվազի