Հայաստանը կունենա կանանց մեծահասակների հավաքական. Արթուր Վանեցյանի խորհրդական
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրապ Եգանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կանանց և աղջիկների ֆուտբոլի զարգացման ուղությամբ կոնկրետ քայլեր է իրականացնում:
Մասնավորապես, այս տարի Հայաստանի ողջ տարածքում ամիսը մեկ անգամ անցկացվելու են ֆուտբոլային 3x3 ֆեստիվալներ: Մեկնարկը կտրվի փետրվարի 16-ին Երևանում: Հայաստանի կանանց Ա և Բ խմբերում մասնակիցների թիվը կավելանա 2019 թվականի սեպտեմբերից։ Այժմ երկու խմբերում խաղում է 6-ական թիմ։ Առաջին խմբում կլինի առնվազն 8, իսկ երկրորդում՝ 10 թիմ:
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում մարզերում կանանց ֆուտբոլի զարգացմանը, արդեն նոյեմբեր ամսին նախատեսվում է տալ կանանց ֆուտզալի Հայաստանի առաջնության մեկնարկը, իսկ մինչև 19 տարեկանների հավաքականը նախապատրաստվում է Եվրո 2020–ի որակավորման փուլին:
Ի դեպ, ստեղծվելու է նաև կանանց մեծահասակների հավաքական ու այս գործում ներգրավվելու են նաև Սփյուռքում գործող տարբեր ֆուտբոլային ակումբների ազգությամբ հայ խաղացողներ»,- գրել է Եգանյանը:


