211652_close_icon
views-count4075 դիտում article-date 14:03 25-01-2019

Մատենադարանի այս տարվա առաջին ձեռագրական համալրումը. նվիրողը Նյու Ջերսիի բնակիչ Էլեն Ֆելտենն է

Մետրոպոլիտեն թանգարանում ավարտված «Հայաստան» ցուցահանդեսի նմուշները վերադարձնելու առիթով Նյու Յորքում գտնվող Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն Կարեն Մաթեւոսյանը եւ գիտաշխատող Արսեն Հարությունյանը հունվարի 19-ին հանդիպել են Նյու Ջերսիի բնակիչ Էլեն Ֆելտենին, որն իր հայազգի հորը եւ պապին պատկանած 17-րդ դարի մի ձեռագիր նվիրել է Մատենադարանին։ Այս մասին նշված է Մատենադրանի ֆեյսբուքյան էջում։ Մինչ այդ հանդիպումը, Էլեն Ֆելտենը ձեռագրի վերաբերյալ տվյալներ իմանալու նպատակով դիմել էր Նյու Ջերսիի Ս. Ղեւոնդյանց եկեղեցու սարկավագ Արման Գալստյանին, որն այդ խնդրանքը՝ մի քանի էջի լուսանկարներով փոխանցել էր Մատենադարանի փոխտնօրենին։ Շուտով Էլեն Ֆելտենին տեղեկացվել է, որ ձեռագիրը պատկանում է «Գուշակողականք» կոչվող ժողովածուների շարքին (Ռամգիրք), որի այլ օրինակներ կան Մատենադարանի հավաքածուում։ Նաեւ առաջարկվել է օգտագործել հունվարին Կ. Մաթեւոսյանի դեպի Նյու Յորք նախատեսված այցը, տեղում ձեռագիրը տեսնելու եւ ըստ հնարավորության լրացուցիչ տեղեկություններ ճշտելու համար։ Հանդիպման ժամանակ գտնվել է ձեռագրի հիշատակարանը, որտեղ նշված է գրչության 1665 թվականը եւ Սաֆար գրիչի անունը։ Ձեռագրի տիրոջն ասվել է, որ այն քայքայված վիճակում է եւ անհապաղ «բուժման» ու վերականգնման կարիք ունի, որը կարելի է անել Մատենադարանում։ Զրույցի ընթացքում Էլեն Ֆելտենը կողմոնորոշվել է ձեռագրի պահպանության ու խնամքի ամենահարմար վայրի հարցում եւ ասել է, որ իր տոհմին պատկանած այդ մատյանը նվիրում է Մատենադարանին։ Նույն բանը նա հաստատել է նվիրագրով։ Հունվարի 23-ին Նյու Յորքի ցուցահանդեսին մասնակցած Մատենադարանի առաջին խմբի 11 ձեռագրերի հետ Հայաստան է եկել նաեւ Էլեն Ֆելտենի նվիրած «հայրենադարձ» մատյանը, որը հանձնվելու է վերականգնման, տրվեու է ուսումնասիրողներին։

Նմանատիպ նյութեր