2114 դիտում
13:02 22-01-2019
Հարկադիր կատարման ծառայությունում ամփոփվել են 2018 թվականի գործունեության արդյունքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հունվարի 21-ին Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում քննարկվել և ամփոփվել են Ծառայության 2018 թվականի գործունեության արդյունքները:
Առավոտյան՝ մինչ ամփոփիչ խորհրդակցությունը, տեղի է ունեցել 10 նորանշանակ հարկադիր կատարողների երդման և ծառայողական վկայականների հանձնման պաշտոնական արարողությունը:
Հրավիրված աշխատանքային խորհրդակցությունը վարել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանը:
Ըստ սահմանված օրակարգի՝ աշխատանքային խորհրդակցության ընթացքում Ծառայության բաժինների պետերը ներկայացրել են տարեկան հաշվետվությունը՝ ինչպես հարկադիր կատարողների կողմից գումարների բռնագանձումների, կատարողական վարույթների կարճումների ու ավարտների, այնպես էլ բաժինների կողմից իրականացված այլ առանցքային միջոցառումների վերաբերյալ:
Ծառայության կողմից 2018 թվականի ընթացքում գույքային և ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով վերականգնվել է 28 539 414 146 ՀՀ դրամ: Այս ցուցանիշը գերազանցել է 2017 թվականի ցուցանիշը շուրջ 6.7%-ով:
2018 թվականին Ծառայութան կողմից ընթացք է տրվել 2 702 813 կատարողական վարույթների: Այս ցուցանիշը գերազանցել է 2017 թվականի ցուցանիշը շուրջ 68.9% ով:
Հաշվետու ժամանակահատվածում կարճվել են 1 725 919 կատարողական վարույթներ, ինչը մոտ 275.5%-ով ավել է 2017 թվականի ցուցանիշից (պայմանավորված է վարչական ակտերի համաներմամբ):
Ավարտվել են 952 571 կատարողական վարույթներ: Այդ ցուցանիշը շուրջ 13.7%-ով պակաս է 2017 թվականի ցուցանիշից:
Տարեվերջին մնացորդային կատարողական վարույթները կազմել են 24 323:
Ի թիվս կատարողական վարույթներին առնչվող այլ հարցերի՝ խորհրդակցության ընթացքում ներկայացվել և քննարկվել են նաև հարկադիր էլեկտրոնային աճուրդի գործընթացի բարելավմանն ուղղված աշխատանքները: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ գույքերի իրացման գործընթացի հրապարակայնությունն ու թափանցիկությունն էլ ավելի բարձրացնելու ուղղությամբ:
Հակոբ Հակոբյանն անդրադարձել է կատարողական վարույթների իրականացման ժամկետների հստակ պահպանմանը՝ նշելով, որ գործընթացը խստորեն վերահսկվելու է Ծառայության ղեկավարության կողմից:
Խոսելով հարկադիր կատարողների միջին ամսական ծանրաբեռնվածության մասին՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը կարևորել է կատարողական վարույթների մնացորդի ողջամիտ շեմի սահմանումը, որը որպես հանձնարարական տրվել է Ծառայության ստորաբաժանումների ղեկավարներին:
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում զեկուցվել է հաշվետու տարվա ընթացքում նաև Ծառայության բաժիններում կատարողական վարույթների համալիր կամ ընտրական կարգով անցկացված տեսչական ստուգումների արդյունքների մասին: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հրամաններով անցկացվել են 14 ծառայողական քննություններ, որոնց արդյունքներով ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հրամաններով 14 աշխատակից ենթարկվել Է կարգապահական պատասխանատվության, այդ թվում՝ 1 խիստ նկատողություն, 12 նկատողություն, 1 պաշտոնի իջեցում:
Խորհրդակցության ավարտին 2018 թվականին կատարված աշխատանքների արդյունքներով Ծառայության աշխատակիցները պարգևատրվել և խրախուսվել են:
ՀՀ արդարադատության նախարարի հրամանով Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պատվավոր աշխատող կրծքանշանով են պարգևատրվել Կոտայքի մարզային բաժնի Աբովյանի տարածաշրջանի բաժանմունքի պետ, արդարադատության փոխգնդապետ Արման Պողոսյանը և Արարատի մարզային բաժնի Մասիսի տարածաշրջանի բաժանմունքի պետ, արդարադատության փոխգնդապետ Վահագն Ստեփանյանը:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հրամանով Անբասիր ծառայության համար մեդալով է պարգևատրվել Երևան քաղաքի Էրեբունի-Նուբարաշեն բաժնի պետ, արդարադատության գնդապետ Պավել Գրիգորյանը:
Հակոբ Հակոբյանի հրամաններով «Հարկադիր կատարման ծառայության կենտրոնական մարմնի լավագույն բաժին» ու «Հարկադիր կատարման ծառայության Երևան քաղաքի և մարզային բաժինների լավագույն բաժին» ամենամյա փոխանցիկ մրցանակները հանձնվել են Ծառայության կենտրոնական մարմնի աճուրդի կազմակերպման և գույքի իրացման բաժնին՝ ի դեմս բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Տիգրան Հակոբյանի, և Արարատի մարզային բաժնին՝ ի դեմս բաժնի պետ, արդարադատության գնդապետ Ալեքսանդր Համբարձումյանի: Կառույցի ղեկավարը շնորհավորել է լավագույն բաժնի կոչմանն արժանացած ստորաբաժանումներին՝ նշելով, որ նրանց վրա կրկնակի պատասխանատվություն է դրվում ձեռքբերված ցուցանիշները կատարելագործելու գործում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
Նմանատիպ նյութեր
4131 դիտում
20:14 22-01-2018
Հարկադիր կատարման ծառայությունում ամփոփվել են 2017 թվականի գործունեության արդյունքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2029 դիտում
19:45 20-01-2017
Հարկադիր կատարման ծառայությունում ամփոփվել են 2016 թվականի գործունեության արդյունքները
2066 դիտում
18:46 20-01-2020
Հարկադիր կատարման ծառայությունում ամփոփվել են 2019 թվականի գործունեության արդյունքները
Այս բաժնից
1333 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
922 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար