211652_close_icon
views-count4131 դիտում article-date 20:14 22-01-2018

Հարկադիր կատարման ծառայությունում ամփոփվել են 2017 թվականի գործունեության արդյունքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` հունվարի 22-ին, Հարկադիր կատարման ծառայությունում քննարկվել և ամփոփվել են Ծառայության 2017 թվականի գործունեության արդյունքները: Հրավիրված աշխատանքային ամփոփիչ խորհրդակցությունը վարել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը: Խորհրդակցության ընթացքում, ըստ սահմանված ընթացակարգի, Ծառայության բաժինների պետերը ներկայացրել են տարեկան հաշվետվությունը՝ ինչպես հարկադիր կատարողների կողմից գումարների բռնագանձումների, կատարողական վարույթների կարճումների ու ավարտների, այնպես էլ իրականացված այլ առանցքային ծրագրերի ու միջոցառումների վերաբերյալ: Ծառայության կողմից 2017 թվականին գույքային և ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով վերականգնվել է 26 742 071 800 ՀՀ դրամ, որը գերազանցել է 2016 թվականի ցուցանիշը շուրջ 23.4%-ով: Նշված ցուցանիշից ՀՀ պետական բյուջեի օգտին է վերականգնվել 6 143 574 927 ՀՀ դրամ, իրավաբանական անձանց օգտին բռնագանձվել է 16 095 369 338 ՀՀ դրամ, ֆիզիկական անձանց օգտին՝ 1 460 565 406 ՀՀ դրամ, այլ (ոչ գույքային) բնույթի կատարողական վարույթներով՝ 2 351 638 229 ՀՀ դրամ, իսկ հայցի ապահովման բնույթի կատարողական վարույթներով վերականգնվել է 690 923 904 ՀՀ դրամ: Ծառայության կողմից հաշվետու ժամանակաշրջանում ընթացք է տրվել 1 599 389 կատարողական վարույթների: Այս ցուցանիշը գերազանցել է նախորդ հաշվետու ժամանակաշրջանի ցուցանիշը շուրջ 4.9%-ով: 2017 թվականին Ծառայությունում կարճվել են 459 591 կատարողական վարույթներ: Նշված ցուցանիշը 16.6%-ով ավել է 2016 թվականի ցուցանիշի համեմատությամբ: Ավարտվել են 1 104 552 կատարողական վարույթներ: Այս ցուցանիշն, իր հերթին գերազանցել է 2016 թվականի նույն ցուցանիշը 2.5%-ով: Տարեվերջին մնացորդային կատարողական վարույթները կազմել են 35 246: Ծառայության տեսչական և վերլուծական բաժնի պետը զեկուցել է հաշվետու տարվա ընթացքում Ծառայության բաժիններում կատարողական վարույթների համալիր կամ ընտրական կարգով անցկացված տեսչական ստուգումների արդյունքների մասին: Մասնավորապես, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հրամաններով անցկացվել են 16 ծառայողական քննություններ, և կատարված ուսումնասիրությունների ու ծառայողական քննությունների արդյունքներով ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հրամաններով 2017 թվականին կարգապահական պատասխանատվության են ենթարկվել 19 հարկադիր կատարողներ, որոնցից 3-ն ազատվել են ծառայությունից: Արմեն Հարությունյանը տեսչական և վերլուծական բաժնին հանձնարարել է նոր միջոցներ ձեռնարկել՝ կարգապահական խախտումները ծնող պատճառները և դրանց նպաստող պայմանները հնարավորինս արագ բացահայտելու ուղղությամբ՝ հետագայում խախտման հնարավոր դեպքերը բացառելու նպատակով: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը կարևորել է նաև արդեն կատարված և առաջիկայում սպասվելիք օրենսդրական փոփոխությունները, մասնավորապես՝ հարկադիր կատարմանն առնչվող նոր օրենքների ու իրավական ակտերի ընդունումը, որոնք ուղղված են գործող օրենսդրական դաշտի շարունակական կատարելագործմանը: Նիստի ընթացքում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին ներկայացվել է, որ 2017 թվականին ավելացել է անցկացված մրցույթների հաճախականությունը, ինչպես նաև վերանայվել և հստակեցվել է հարկադիր կատարողների վերապատրաստման դասընթացների թեմատիկ ցանկը: Մրցույթների արդյունքներով հաշվետու ժամանակաշրջանում Ծառայությունում աշխատանքի են ընդունվել 39 հարկադիր կատարողներ: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողն անդադարձել է նաև միջազգային հարթակում Ծառայության հաջողություններին: Զեկուցվել է, որ 2017 թվականին Ծառայությունն ակտիվ մասնակցություն է ցուցաբերել ինչպես ԱՊՀ, այնպես էլ մի շարք եվրոպական երկրներում անցկացվող միջազգային գիտագործնական համաժողովներին, սեմինարներին, մասնագիտական այլ միջոցառումներին` նպատակ հետապնդելով պատշաճ հիմքեր և նախադրյալներ ստեղծել հարկադիր կատարման ոլորտում միջազգային առաջադեմ փորձի ներմուծման ու համակարգի հետագա կատարելագործման համար: Այնուհետ 2017 թվականին կատարված աշխատանքների արդյունքներով Ծառայության աշխատակիցները պարգևատրվել և խրախուսվել են: Արմեն Հարությունյանի հրամաններով «Հարկադիր կատարման ծառայության կենտրոնական մարմնի լավագույն բաժին» ու «Հարկադիր կատարման ծառայության Երևան քաղաքի և մարզային բաժինների լավագույն բաժին» ամենամյա փոխանցիկ մրցանակները հանձնվել են Ծառայության կենտրոնական մարմնի տեսչական և վերլուծական բաժնին՝ ի դեմս բաժնի պետ, արդարադատության գնդապետ Լևոն Բալյանի, և Սյունիքի մարզային բաժնին՝ ի դեմս բաժնի պետ, արդարադատության գնդապետ Սուրիկ Ծատրյանի: Կառույցի ղեկավարը շնորհավորել է լավագույն բաժնի կոչմանն արժանացած ստորաբաժանումներին՝ նշելով, որ նրանց վրա կրկնակի պատասխանատվություն է դրվում աշխատանքն արդյունավետորեն կազմակերպելու և ձեռքբերված ցուցանիշները կատարելագործելու գործում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր