211652_close_icon
views-count2025 դիտում article-date 16:20 17-01-2019

Էդմոն Մարուքյանը կառավարությանը հորդորում է ԱԺ պատգամավորներին երկար չսպասեցնել

ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կառավարությանը հորդորում է հնարավորինս շուտ ԱԺ ներկայացնել կառավարության կառուցվածքը փոփոխելու հարցի վերաբերյալ նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`այս մասին Մարուքյանը հայտնեց հունվարի 17-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում: «Ես ԱԺ նախագահից եմ հետաքրքրվել, ասում է, որ չեն ուղարկել նախագիծը: Որքանով որ հասկանում եմ՝ կառավարությունն իրավունք ունի նախագիծը դեռևս չուղարկել: Այս նիստը կընդհատվի, երբ հանձնաժողովների նախագահները կընտրվեն, և այնուհետև կվերսկսվի կառավարության ծրագիրը ստանալուց հետո»,- ասաց Մարուքյանը: Էդմոն Մարուքյանն, այնուամենայնիվ, գործադիրին հորդորեց երկար չսպասեցնել պատգամավորներին: «Կառավարության մեր գործընկերներին ես հորդորում եմ հնարավորինս շուտ նախագիծն ուղարկել խորհրդարան, որովհետև մենք պետք է ժամանակ ունենանք պատրաստվելու և հասկանալու, թե ինչ տեսլական ունի նոր կառավարությունը իր կառուցվածքի վերաբերյալ, որը, կարծում եմ, բացի կրճատումներից, պետք է ենթադրի նաև սուպերվարչապետական համակարգի վերափոխում: Հետևաբար, պահանջում եմ, որպեսզի նախագիծը շուտ ուղարկեն խորհրդարան»,- նշեց նա: 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի օրակարգում կառավարության կառուցվածքը փոփոխելու հարցը ներառված է, բայց դրա վերաբերյալ նախագիծը դեռ ԱԺ չի ներկայացվել:

Նմանատիպ նյութեր