Սպիտակ տունը պատրաստվում է արտակարգ դրության ռեժիմ սահմանել արգելապատի կառուցման համար
Սպիտակ տունն սկսել է պայմաններ ստեղծել երկրում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու համար, որպեսզի շրջանցելով Կոնգրեսը՝ ֆինանսավորում ստանա ամերիկա-մեքսիկական սահմանին ֆիզիկական արգելափակոց կառուցելու համար: Այս մասին հայտնել է The Washington Post թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի վարչակազմում իր աղբյուրները:
Վերջիններիս տեղեկություններով՝ գործադիր իշխանությունը չօգտագործված միջոցներ է փնտրում երկրի բանակի, մասնավորապես, ցամաքային ուժերի ինժեներակական զորքերի բյուջեում:
Վաշինգտոնի վարչակազմը նաև ուսումնասիրում է տարերային աղետների հետևանքների վերացման մասին 2018 թվականին Կոնգրեսի կողմից ընդունված օրենքը, որի շրջանակներում օրենսդիրները հատկացրել էին 13,9 միլիարդ դոլար:
Ինչպես պնդում է թերթը, այդ գումարը, փաստորեն, այդպես էլ չի ծախսվել:
Նշենք, որ հունվարի 10-ին Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրում արտակարգ դրության ռեժիմ կմտցնի, եթե իրեն չհաջողվի համաձայնության գալ դեմոկրատների հետ։