Արտակարգ ավտովթար Երևանում. երիտասարդ աղջիկը Չարենցի փողոցում Mitsubishi-ով մխրճվել է խանութի մեջ. նա վարորդական իրավունքի վկայական չի ունեցել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Այսօր՝  դեկտեմբերի  31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:10-ի սահմաններում Դավիթաշեն 3-րդ թաղամասի բնակիչ, 22-ամյա  Լիաննա Ավենյանը իր վարած Mitsubishi Lancer մակնիշի 69 NO 069 համարանիշի ավտոմեքենայով Չարենցի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե հատվածին, կոտրել մի քանի վարդի թփեր և մխրճվել սեփական տան փոքրիկ այգու մեջ, այնուհետև բախվել խանութի պատուհանին ու դռանը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար,  զոհեր և վիրավորներ չկան:
Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության  ծառայողները:
Տեղում պարզվել է, որ  վարորդը վարորդական իրավունքի վկայական չունի, փաստի առթիվ էլ ճանապարհային ոստիկանության  1-ին սպայական գումարտակում նյութեր են նախապատրաստվում:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը: 
Վարորդին առաջինը օգնության են հասել խանութի տերերն ու քաղաքացիները:
Թե ով է փոխհատուցելու քաղաքացու կրած վնասը՝ դեռևս պարզ չէ, քանի որ դեպքի վայրում հավաքվածներն  ասում էին, եթե վարորդը վարորդական իրավունքի  վկայական չունի, ապա հնարավոր է ՝ ԱՊՊԱ-ն հրաժարվի փոխհատուցումից:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            


